Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը հեղուկ գազ տեղափոխող «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է

Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Կապան-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Սաեդ Ջալիզադեն իր վարած, հեղուկ գազ տեղափոխող «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։