Բացահայտիր Սյունիքը - Տաթևի Մեծ Անապատ. Ուշ միջնադարի հոգևոր բերդը

Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարյան արժեքավոր հայկական վանական համալիր է, որն ունի հոգևոր, կրթական և մշակութային մեծ արժեք։
Այն տեղակայված է Սյունիքի մարզում՝ Որոտան գետի ափին, Տաթև գյուղի մոտակայքում՝ Որոտանի ձորում։

Այս հոգևոր և ուսումնական կենտրոնի ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործանումն էր։
Դրանից հետո՝ 1660 թվականին, միաբանությունը տեղափոխվել է նոր վայր և կառուցել Մեծ Անապատը։
Համալիրը նաև կարևոր ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում՝ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի տարիներին։
Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել կառուցել կանոնավոր հատակագծով համալիր, որը շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։
Անապատի հարավարևմտյան մասում գտնվում է 1663 թվականին սրբատաշ բազալտից կառուցված Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին։
Դրան արևմուտքից կից է գավիթ-սրահը, որը 1743 թվականին կառուցել է Մելիք Եգանը։ Եկեղեցու հյուսիսային կողմում տեղակայված է գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը, որտեղ, ամենայն հավանականությամբ, թաղված է 1669 թվականին մահացած անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը։

Եկեղեցուց արևելք գտնվում են աղբյուրը և ներկայումս կիսավեր վիճակում հանդիսացող շենքերը։
Դեպի հարավ տեղակայված է սեղանատունը՝ կից խոհանոցով։
Միաբանների բնակելի խցերը կառուցված են արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից։ Բացի այդ, բակում կանգուն է բնակելի սենյակների ևս մի խումբ, որն ունի ընդհանուր L-աձև հատակագիծ, իսկ համալիրի հարավային կողմում գտնվում է սեղանաձև հատակագծով օժանդակ մասը։
Իր բացառիկ նշանակությամբ հանդերձ, հուշարձանը ներառված է Հայաստանում համաշխարհային ժառանգության հավակնորդների ցանկում։
Կոորդինատներ. 39°23′16″N 46°15′39″E