Բացահայտիր Սյունիքը - Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայաստանի հոգևոր և ճարտարապետական ժառանգության կարևորագույն նմուշներից մեկն է։

Եկեղեցին իրենից ներկայացնում է միանավ բազիլիկ կառույց, որը հիմնականում կառուցված է տեղական անմշակ բազալտով, սակայն շինության առավել պատասխանատու հատվածները՝ անկյունները, մուտքերի և լուսամուտների շրջանակները, ինչպես նաև ներքին միակ որմնակամարը, իրականացված են հիանալի մշակված սրբատաշ բազալտե քարերով:
Կառույցի երկարության և լայնության համամասնությունները բնորոշ են 17-18-րդ դարերի հայկական եկեղեցաշինությանը, թեև մասնագիտական ուսումնասիրությունները և պեղումների արդյունքում հայտնաբերված 7-8-րդ դարերի բնորոշ զարդանախշերով քարերն ու խաչապատկերները փաստում են, որ ներկայիս եկեղեցին բարձրացել է վաղ միջնադարյան ավելի հին հիմքերի վրա:
Եկեղեցու հարավային մուտքի բարավորին պահպանված արձանագրությունը հստակեցնում է դրա կառուցման ժամանակագրությունը և պատվիրատուին. համաձայն տեքստի՝ եկեղեցին կառուցվել է 1776 թվականին Մելիք Օհանի կողմից, ով Պաշըրի որդին էր:
Այս փաստը հուշարձանին տալիս է նաև պատմական մեծ արժեք՝ որպես Սյունիքի մելիքական տների գործունեության վկայություն:
Ճարտարապետական հորինվածքում առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հյուսիսային կողմում կցված երկու սենյակները:

Դրանցից մեկը, որն ունի մուտք եկեղեցու ներսից, ծառայել է որպես ավանդատուն, իսկ մյուսը՝ դրսից առանձին մուտքով և ներսում առկա վառարանով, հուշում է, որ այն եղել է կացարան հոգևորականների համար:
Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից, և չորս լուսամուտ, որոնք ապահովում են ներքին տարածության լուսավորությունը:
2010 թվականին իրականացված հիմնովին վերականգնողական աշխատանքների շնորհիվ եկեղեցին այսօր ներկայանում է իր ամբողջական տեսքով՝ լինելով թե՛ ուխտավորների, թե՛ զբոսաշրջիկների համար գրավիչ վայր Հին Գորիսի քարանձավային բնակավայրերի համապատկերում:
Եկեղեցին գտնվում է Գորիս քաղաքի արևելյան մասում՝ Հին Գորիսի տարածքում։
Կոորդինատներ՝ 39.507542, 46.349547