Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին-Համո Սահյան. Հայրենի բնաշխարհի և մարդկային ճակատագրի քնարերգուն

· Սյունիքի Մարզ

Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին-Համո Սահյան. Հայրենի բնաշխարհի և մարդկային ճակատագրի քնարերգուն

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի Լոր գյուղում։

Նա իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի («ՍԱՀ») և ազգանվան վերջավորության («յան») համադրումով։

Ծննդավայրի հետ կապը դարձավ նրա ողջ պոեզիայի առանցքը։

Գյուղի դպրոցում նրա ուսուցիչներն են եղել բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանն ու Ակսել Բակունցը (վերջինիս անձամբ չի տեսել), ինչը խորը հետք է թողել նրա աշխարհընկալման վրա։

1927-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն, իսկ 1935-1939 թվականներին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938) և Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945)՝ որպես Կասպիական նավատորմի նավաստի։

1944-ին Ստեփան Զորյանի հրավերով եկել է Երևան, բնակվել նրա տանը և նրա օգնությամբ հրատարակել անդրանիկ գիրքը, ինչի համար Սահյանը Զորյանին ձոն-նվիրում է հղել։

​Նրա մասին բարձր են արտահայտվել Հրանտ Մաթևոսյանը, Վահագն Դավթյանը, Կայսին Կուլիևը, Ալլա Մանչերկովան և Լև Օզերովը։

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

​Սահյանի գրական գործունեությունը բաժանվում է երկու շրջանի։ 30-ականներից տպագրվող բանաստեղծին համընդհանուր ճանաչում բերեց ռազմաճակատում գրված «Նաիրյան դալար բարդի» գործը՝ տոգորված հայրենի երկրի կարոտով։

Առաջին շրջանն ամփոփող «Որոտանի եզերքին» (1945) անդրանիկ գրքում, ինչպես նաև «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955) և «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ակնառու է ռեալիստական ոճը, բնապատկերի գեղանկարչական ընկալումը և ժողովրդական-բանահյուսական սկզբունքը։

​Երկրորդ շրջանը սկսվում է «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968) և «Տարիներս» (1970) ժողովածուներով, որտեղ Սահյանը հանդես է գալիս որպես գեղագետ-փիլիսոփա։

Նրա ստեղծագործության գլխավոր թեման Հայաստանն է։

1972-ին լույս տեսած «Սեզամ, բացվիր» ժողովածուի համար 1975-ին ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ։

Այնուհետև տպագրվել են «Իրիկնահաց» (1977), «Դաղձի ծաղիկ» (1986) և «Կանաչ, կարմիր աշուն» (1989) գրքերը, որոնք հայ պոեզիա բերեցին մարդկային դրամատիկ ապրումների և ծննդավայրի բնապաշտական տարերքի սինթեզը, ինչի վառ օրինակներն են «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ», «Հայաստան ասելիս», «Անունդ տալիս» և այլ հայտնի գործեր։

Սահյանը մահացել է 1993 թվականի հուլիսի 16-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։