Սիսիանում հանրային լսում է անցկացվել 2027 թվականի բյուջեի նախագծի շուրջ. Սիսիանի համայնքապետարան
· Սիսիան
Սույն թվականի նոյեմբերի 24-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Սիսիան համայնքի 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային լսում։
Հանրային լսմանը ներկա են եղել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակա կազմակերպությունների աշխատակիցները, բնակավայրերի վարչական ղեկավարները, ավագանու անդամները, շահագրգիռ անձինք։
Բյուջեի նախագիծը ներկայացրել է Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսական բաժնի պետ Դավիթ Այվազյանը՝ անդրադառնալով բյուջեի եկամուտների կանխատեսմանը, հիմնական բյուջետային առաջնահերթություններին և գալիք տարվա ընթացքում նախատեսվող ծախսերին։
2027 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է՝ հիմք ընդունելով համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը (ՀԶԾ) և տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ)։
Գալիք տարվա բյուջետային քաղաքականության հիմնական առաջնահերթություններն են՝
▪️ Սիսիան քաղաքի փողոցների, մայթերի և բակային հատվածների բարեկարգումը,
▪️ համայնքային խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերումը,
▪️ համայնքի լուսավորության ցանցի արդիականացումը,
▪️ խաղահրապարակների և զբոսայգիների կառուցումը,
▪️ հուշարձանների հարակից տարածքների բարեկարգումը,
▪️ բազմաբնակարան շենքերի պահպանմանն ու սպասարկմանն ուղղված աշխատանքները,
▪️ ճանապարհային տնտեսության և համայնքային սեփականություն հանդիսացող ջրագծերի նորոգման ու փոխարինման ուղղությամբ կապիտալ ներդրումները,
▪️ սոցիալապես խոցելի խմբերի խնդիրների բացահայտումն ու դրանց լուծումը՝ համայնքի լիազորությունների շրջանակում,
▪️ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպումը,
▪️ համայնքի մարզամշակութային կյանքի ակտիվացումը և առողջ ապրելակերպի խրախուսումը,
▪️ զբոսաշրջության զարգացումը։
2027 թվականի համայնքային բյուջեի ընդհանուր եկամուտները նախատեսվել են 3 մլրդ 397 մլն 689 հազար 632 դրամի չափով, ինչը նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ ավելի է 15,64 տոկոսով կամ 531 մլն 436 հազար 689 դրամով։
Հանրային լսման ընթացքում ծավալվել են հարցուպատասխան և ակտիվ քննարկումներ՝ բյուջեի նախագծով նախատեսված ծրագրերի, համայնքի զարգացման առաջնահերթությունների ու առկա խնդիրների շուրջ։