26․5 մլն դոլարով վաճառքի է հանվել Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրը. Ինֆոքոմ

· Սյունիքի Մարզ

26․5 մլն դոլարով վաճառքի է հանվել Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրը. Ինֆոքոմ

List.am հայտարարությունների կայքում վաճառքի է հանվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող պղինձ-մոլիբդենային հանքավայրը։ Հայտարարությունը հրապարակվել է այս տարվա սեպտեմբերի 29-ին, իսկ նոյեմբերի 14-ին՝ թարմացվել։ Հանքի վաճառքի գինը նշված է 26․5 մլն դոլար։  

Screenshot 2026-11-12 111736

Ի՞նչ է վաճառվում

Հայտարարության համաձայն՝ վաճառվում է պղինձ-մոլիբդենի հանք, որը գտնվում է Մեղրիում և ունի 10-11 տարվա լիցենզիա։ Հանքավայրում 8 մլն տոննա հանքաքար կա որից՝ 3820 տ՝ մոլիբդեն, 13 650 տ՝ պղինձ, 49 000 տ՝ ծծումբ, 7 տ՝ ռենիում, 5 տ՝ սելեն, 21 տ՝ տելուր, 240 կգ՝ ոսկի, 13 տ՝ արծաթ։ 

«Ընդհանուր հաշվարկով ներկա պահի կուրսով մոտ 500 մլն դոլարի պաշար ունի մեջը»,- նշվում է հայտարարության մեջ։

Screenshot 2026-11-12 112457

Հայտարարության նկարագրած պաշարներն արձանագրված են Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասում, որի ընդերքօգտագործման իրավունքը 2012-ին ստացել է «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ն։ Այն վավեր է մինչև 2036 թվականը։ Այդ հաշվարկով էլ հայտարարությունում նշված է, որ ունի 10-11 տարվա լիցենզիա։  

Սակայն հանքավայրը չի կարող վաճառվել։ Ընդերքօգտագործման իրավունք ունեցող տնտեսվարողը կարող է վաճառել ընկերության բաժնեմասը։ Ընդերքի մասին օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է»։ Այսինքն՝ պետությունը կարող է ընդերքը տրամադրել օգտագործման՝ երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, սակայն այն որևէ մեկին սեփականության իրավունքով չի տրամադրվում։ Նույն սկզբունքն ամրագրված է գործող Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասում․ «Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են»։  

Ովքե՞ր պետք է շահագործեին Այգեձորի հանքավայրը

Այգեձորի հանքավայրի կենտրոնական տեղամասի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ի բաժնեմասում 67% մասնակցություն ունի «Մագնոլիա կոմֆորտ» ՍՊԸ-ն, 33 %` Արտակ Վահեի Խաչատրյանը։ «Մագնոլիա կոմֆորտ» ՍՊԸ-ն հայտնի է որպես «Զովեր» թաղամասի կառուցապատող։ Ընկերության բաժնետերերն էին Արա Ավետիսյանն ու Արտակ Խաչատրյանը։ 

«Մագնոլիա կոմֆորտ» ՍՊԸ-ն «Ակտիվ լեռնագործ» ընկերության 100% բաժնեմասը ձեռք էր բերել 2023-ին՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի բաժնետեր և տնօրեն Վարդան Մարգարյանից։ 

Արտակ Խաչատրյանը, սակայն, 2026թ․ հունիսին «Մագնոլիա կոմֆորտ» ՍՊԸ-ում իր ունեցած բաժնեմասը փոխանցել է Արա Ավետիսյանին, ինչից հետո «Ակտիվ լեռնագործ»-ում մուտք է գործել որպես առանձին մասնակից՝ 33% մասնակցությամբ։ 

frame 1

Ինչո՞ւ են վաճառում նոր ձեռք բերած հանքավայրը

List.am-ում հանքի վաճառքի հայտարարությունը տարածել է Ara Ava անվամբ օգտատերը։ Սակայն հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով մեր զանգին պատասխանեց Նարեկ Ավետիսյանը, որը հաստատեց, որ հանքն իսկապես վաճառվում է, այսինքն՝  վաճառքի է հանվել հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ն։ List.am-ի հայտարարության մեջ նաև նշված է 161 000 քմ հողատարածքի մասին, սակայն Նարեկ Ավետիսյանը նշեց, որ խոսքը նույն հանքավայրի հողատարածքների մասին է։ 

Նարեկ Ավետիսյանի խոսքով՝  հանքը ձեռք են բերել այն շահագործելու նպատակով, սակայն հետագայում պարզել են, որ դրա համար մեծ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ։ Այդ պատճառով չեն կարողացել սկսել հանքարդյունահանման աշխատանքները։ Ավելին՝ հանքը շահագործելու համար անհրաժեշտ է եղել կառուցել հանքաքարի վերամշակման գործարան, որը կարժենար 25 մլն դոլար։ 

Ավետիսյանը նաև նշեց, որ վաճառքի առաջարկը չի ներառում հանքարդյունաբերական տեխնիկա։ Այսինքն՝ գնորդը ձեռք է բերելու միայն ընդերքօգտագործման իրավունքը, ոչ թե պատրաստի արտադրական համալիր։ 

Արտակ Խաչատրյանը 2026թ․ հունիսին դարձել է նաև «Հրաշք մետաղ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատերն ու տնօրենը։ «Հրաշք մետաղ» ՍՊԸ-ն 2016-ին ստացել է Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի շահագործման իրավունք՝ 31 տարով։  2018-ին հրաժարվել է այդ իրավունքից։ Ընկերության նոր սեփականատերերը դիմել էին լիազոր մարմնին՝ ընդերքօգտագործման իրավունքը վերականանգնելու համար։ 

Նույն բաժնետերերին պատկանող «Զով Գուժ» ՍՊԸ-ն ցանկանում էր երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել Քարաբերդի ոսկու հանքավայրում։ Փամբակի ավագանին համաձայնություն է տվել «Զով-Գուժ» ՍՊԸ-ի՝ Քարաբերդի ոսկու հանքի արևելյան և արևմտյան տեղամասերում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու առաջարկին: 

Այս ընկերությունում բաժնետեր էր Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը, սակայն 2026թ․ սեպտեմբերի 25-ին նա իր բաժնեմասն ամբողջությամբ փոխանցել է Կարեն Մկոյանին։ 

Նարեկ Ավետիսյանը չկարողացավ պատասխանել «Ինֆոքոմի»՝ բաժնետերերի փոփոխություններին և մյուս հանքավայրերին վերաբերող հարցերին։ Ասաց՝ իրեն միայն խնդրել են զբաղվել Այգեձորի հանքի վաճառքով, մնացած տեղեկություններին չի տիրապետում։ Խոստացավ մեր հեռախոսահամարը փոխանցել համապատասխան անձանց, որոնք կկապվեն և կպատասխանեն մեր հարցերին։ Հրապարակման պահին ընկերության մյուս ներկայացուցիչներից պատասխան չէինք ստացել։ Ավելին, հրապարակման պահին հանքավայրի վաճառքի հայտարարությունը List.am-ից ջնջված էր։ 

Հեղինակ՝ Նարե Առուշանյան