Կապանը` իշխանության գլխավոր փորձությունը. որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը

· Կապան

Կապանը` իշխանության գլխավոր փորձությունը. որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 29-ին Հայաստանի յոթ մարզի 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Ընտրապայքարը հատկապես հետաքրքիր է լինելու այն համայնքներում, որտեղ իշխանության՝ ՔՊ-ի թեկնածուները մրցելու են գործող համայնքապետերի կամ ընդդիմադիր ուժերի հետ։ Իսկ որոշ համայնքներում ընտրողներին ընդհանրապես ընտրության հնարավորություն չի տրվելու․ գրանցվել է ընդամենը մեկ քաղաքական ուժ։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկա ընտրություններում ամենաթեժ պայքարը, ըստ նախնական գնահատականների, սպասվում է Կապանում, Սևանում, Սպիտակում և Նոյեմբերյանում։

Հատկապես հետաքրքիր է լինելու Կապանի և Սևանի քաղաքական պատկերը, քանի որ այստեղ իշխանության թեկնածուները մրցելու են արդեն իսկ համայնքներում քաղաքական դիրքեր ունեցող ուժերի ու թեկնածուների հետ։

Կապանում ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ։ Գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը գլխավորում է «Շանթ» դաշինքը, ՔՊ-ի ցուցակը գլխավորում է ոչ այնքան լավ համբավ ունեցող, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցով հարստացած Նարեկ Բաբայանը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է Տիգրան Աղասյանը։

Կապանը, թերևս, այս ընտրությունների ամենաուշագրավ համայնքներից է։ Գևորգ Փարսյանի համար սա հնարավորություն է պահպանելու համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ ՔՊ-ի համար՝ իշխանության քաղաքական ազդեցությունը Սյունիքի կարևորագույն համայնքներից մեկում ամրապնդելու։ Այստեղ պայքարը լինելու է ոչ միայն ավագանու մանդատների, այլև համայնքի հետագա կառավարման շուրջ։

Մի բան ակնհայտ է՝ նոյեմբերի 29-ին ընտրողների քվեն որոշելու է ոչ միայն համայնքների ավագանիների կազմը, այլև այն, թե առաջիկա տարիներին որ քաղաքական ուժն է ունենալու տեղական իշխանության հիմնական լծակները»։