Սյունյաց պատմություններ-Մեղրիի առաջին դաշնամուրը

· Մեղրի

Սյունյաց պատմություններ-Մեղրիի առաջին դաշնամուրը

Մեղրեցիների հիշողության մեջ պահպանված հետաքրքիր պատմություններից մեկը Մեղրիում առաջին դաշնամուրի հայտնվելու պատմությունն է։ Այն կապված է Վաչյանների ընտանիքի և 19-րդ դարի վերջին տեղի ունեցած մի ուշագրավ իրադարձության հետ։ Ըստ պահպանված ընտանեկան պատմության՝ 1895–1896 թվականներին մեղրեցի Մկրտիչ Վաչյանն ամուսնանում է Գողթան գավառի Ագուլիս քաղաքի բնակչուհի Եղիսաբեթի հետ։ Հարսնացուն որպես օժիտ ստանում է դաշնամուր, որը նրա հարազատները ձեռք էին բերել Գերմանիայի Բեռլին քաղաքում։ Դաշնամուրը երկար ճանապարհ է անցնում՝ Բեռլինից Թիֆլիս, այնուհետև՝ Ջուղա, Ագուլիս և վերջապես հասնում Մեղրի։ Այն տեղափոխելու համար պահանջվում է կազմակերպել բավականին բարդ փոխադրություն․ ընտանիքի անդամներն ու բեռնակիր ջորիները մասնակցում են այդ երկարատև ճանապարհորդությանը։ Դաշնամուրը երկար տարիներ պահպանվել է Վաչյանների գերդաստանում։ Ըստ Մեղրիում պահպանված հիշողությունների՝ այն նվագել է նաև ընտանիքի ներկայացուցիչ տիկին Մարինկան։ Հետագայում դաշնամուրը տեղափոխվել է Մեղրիի Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ այն դարձել է քաղաքի մշակութային անցյալի ուշագրավ հիշատակներից մեկը։ Մեղրիի առաջին դաշնամուրի պատմությունը միայն երաժշտական գործիքի Հայաստան հասնելու պատմություն չէ։ Այն վկայում է 19-րդ դարի վերջին Մեղրիի և Ագուլիսի ընտանիքների մշակութային կապերի, կրթության, երաժշտության և բարձր կենցաղային մշակույթի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին։ Այս պատմությունը նաև ներկայացնում է ժամանակաշրջանի առևտրական ու ընտանեկան կապերը՝ Գերմանիայից մինչև Սյունիք ձգվող ճանապարհով։

Նյութը `Մեղրու համայնքապետարանի