Բացահայտիր Սյունիքը - Գորիսի երկրագիտական թանգարան. Սյունիքի պատմության հայելին
· Գորիս

Գորիսի երկրագիտական թանգարանը Սյունիքի մարզի առաջին թանգարանն է, որը հիմնադրվել է 1948 թվականին։

Այն ներկայացնում է տարածաշրջանի հարուստ պատմությունն ու մշակութային ժառանգությունը՝ ամփոփելով ավելի քան 5300 ցուցանմուշ։
Թանգարանի պատմությունը բավականին հետաքրքիր է․ խորհրդային տարիներին այն գործել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շենքում, սակայն 1991 թվականին՝ Հայաստանի անկախացումից և Արցախյան պատերազմի մեկնարկից հետո, թանգարանը հանվել է այդ տարածքից և կոնսերվացվել։
Միայն 2001 թվականին այն վերաբացվել է Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի շենքում, որտեղ շարունակում է գործել մինչ օրս։
Թանգարանի հավաքածուն առանձնանում է իր հնագիտական հարստությամբ, որոնց թվում կան բացառիկ և եզակի համարվող գտածոներ։
Մասնավորապես, այստեղ պահվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակով թվագրվող «Հնգադեմ կուռքը» և մ.թ.ա. 8-7-րդ դարերի «Առյուծի արձանիկը»։

Վերջինս ձուլածո արձանիկ է, որը հայտնաբերվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանին մերձակա Աջնակ գյուղում և համարվում է տարածաշրջանի հնագույն արվեստի փառահեղ նմուշներից մեկը։
Բացի այդ, ցուցադրությունում ներկայացված են ռիտոններ, գորգեր, կենցաղային իրեր և այլ արժեքավոր նմուշներ, որոնք պատկերում են Գորիսի և շրջակա տարածքների կյանքը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
Թանգարանը տեղակայված է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, հասցեն՝ Կոմիտասի փողոց 5 (Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի շենք)։
Կոորդինատները՝ 39.5103° N, 46.3392° E