Սիսիանում բացվել է «Կրթական այգի». Սիսիանի համայնքապետարան
· Սիսիան
Սույն թվականի նոյեմբերի 18-ին Սիսիան քաղաքում տեղի է ունեցել «Կրթական այգու» բացման հանդիսավոր արարողությունը։
Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակում, Սիսիան քաղաքի Որոտան 3/6 հասցեում կառուցվել է «Կրթական այգի»։ Նույն ծրագրի շրջանակում ավարտական փուլում են գտնվում նաև Հովիկ Ազոյան 2 հասցեում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները։
Միջոցառման հյուրերին դիմավորել են հայկական ավանդական աղ ու հացով, զուռնա-դհոլի հնչյունների ներքո։ Միջոցառումը մեկնարկել է Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի խոսքով։ Նա ներկայացրել է ծրագրի իրականացման պատմությունը, դրա նախադրյալներն ու ընթացքը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին աջակցության և արդյունավետ համագործակցության համար։
Ողջույնի խոսքով է հանդես եկել Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը։ Նա համայնքի բնակիչների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել գործընկերներին և ծրագրում ներգրավված մասնագետներին՝ Սիսիանի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման, վստահության և հետևողական աշխատանքի համար։ Համայնքի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ձևավորված համագործակցությունը շարունակական կլինի, և առաջիկայում համատեղ ջանքերով կրկին կիրականացվեն նոր ծրագրեր՝ ի նպաստ համայնքի զարգացման և բնակիչների կյանքի որակի բարելավման։
Խոսքով հանդես է եկել նաև Գերմանիայի դեսպանության Զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը։ Նա նշել է, որ հաճելի է կրկին գտնվել Սիսիանում։ Իր խոսքում Կատրին Բուդեր-Փելցը շնորհակալություն է հայտնել Սիսիանի համայնքապետարանին՝ բնակիչների կարիքները բաց և մասնակցային գործընթացների միջոցով վեր հանելու և դրանց հիման վրա ծրագրեր իրականացնելու համար՝ ընդգծելով, որ այսօր այդ համագործակցության արդյունքը տեսանելի է դարձել։
Միջոցառման շրջանակում Հովսեփ Առաքելյանի և Կատրին Բուդեր-Փելցի մասնակցությամբ տեղի է ունեցել նաև ծառատունկ` որպես կողմերի միջև ձևավորված ամուր գործընկերության, փոխվստահության և համագործակցությունը շարունակելու պատրաստակամության խորհրդանիշ։
Այնուհետև ներկաներն այցելել են Հովիկ Ազոյան 2 հասցեում կառուցվող մինի ֆուտբոլի դաշտ, ծանոթացել իրականացված աշխատանքներին և երեխաների հետ մասնակցել զվարճալի խաղերի։
Սիսիան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատությունների սաներն իրենց երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով ապահովել են միջոցառման գեղարվեստական մասը՝ ներկաներին պարգևելով տոնական ու ջերմ տրամադրություն։