Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Մելս Մկրտումյան

· Սյունիքի Մարզ

Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Մելս Մկրտումյան

Մելս Պարգևի Մկրտումյանը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 20-ին Հայկական ԽՍՀ Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում: Նա հայ մարզական հոգեբան է, հոգեբանական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2005), ինչպես նաև սամբո և ձյուդո մարզաձևերի ԽՍՀՄ սպորտի վարպետ:

​1957–1966 թվականներին սովորել և ավարտել է Երևանի թիվ 89 միջնակարգ դպրոցը: 1966–1970 թվականներին սովորել է Երևանի ակադեմիկոս Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում՝ կահույքային արտադրություն մասնագիտությամբ` ստանալով տեխնիկ-տեխնոլոգի որակավորում: 1973–1977 թվականներին սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ, ստանալով ֆիզիկական դաստիարակության դասատուի ու ըմբշամարտի մարզիչի որակավորում: 1979–1983 թվականներին եղել է Ֆիզիկական կուլտուրայի հոգեբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ (Մոսկվա, Ռուսաստան)՝ հոգեբանություն մասնագիտությամբ:

​1977–1991 թվականներին աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1988 թվականի երկրաշարժից հետո Մկրտումյանի նախաձեռնությամբ կազմվել է պրակտիկ հոգեբանների խումբ, որը վերականգնողական աշխատանքներ է ծավալել աղետի գոտում: 1991 թվականից հանդիսացել է ԵՊՀ դասախոս, 1992 թվականից միաժամանակ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանության ամբիոնի վարիչ: 2004–2007 թվականներին եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ: 2006–2011 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր: Նա Հայաստանում արտակարգ և ճգնաժամային իրավիճակների հոգեբանության հիմնադիրն է: 2011–2016 թվականներին եղել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ:

​Նրա աշխատությունները վերաբերում են անձի հոգեվիճակի, կամային դրսևորումների, ինքնակառավարման, ինքնակարգավորման, արտակարգ պայմաններում անձի հոգեբանական հարմարման հիմնախնդիրներին: Նա «Արտակարգ իրավիճակների հոգեբանություն» (2005) ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է:

​Մկրտումյանը 2002–2007 թվականներին եղել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհրդի անդամ։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նախաձեռնել է աղետից տուժած ազգաբաչնակության հոգեբանական օգնության կամավորական խումբ, որի հիման վրա մեկ տարի հետո ստեղծվել է «7 դեկտեմբերի» ֆրանս-հայկական բեգործական կազմակերպությունը, որին անդամակցել է մինչև 2000 թվականը ներառյալ: 1988–1995 թվականներին անդամակցել է Ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանի» (MSF) կազմակերպությանը:

100-ից ավել գիտական հոդվածների հեղինակ է։