Բացահայտիր Սյունիքը - Խնածախի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Սուրբ Հռիփսիմեն հայ առաքելական եկեղեցի է, որը գտնվում է Սյունիքի մարզի Խնածախ գյուղում։ Կառուցվել է 17-րդ դարում։
Եկեղեցին եռանավ բազիլիկ կառույց է՝ թաղածածկ և խորանի երկու կողմերում ավանդատներով։ Ունի 2 մուտք՝ հարավից և արևմուտքից։
1701 թվականին եկեղեցուն կից, արևմտյան կողմից կառուցվել է բաց գավիթ, որը սրբատաշ բազալտով է և թաղածածկ։ 1905 թվականին նաև կառուցվել է տանիքի վրայի զանգ-աշտարակը, որը նույնպես սրբատաշ բազալտից է։
Եկեղեցին ճեղքված քարերով է շարված, իսկ մույթերը, պատուհանների և մուտքերի բացվածքները շարված են սրբատաշ բազալտով։
Բազալտի սալինկերով են շարված եկեղեցու և գավիթի տանիքները։ Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին պղծվել է և օգտագործվել որպես պահեստ։ Տեղանքի մեծ թեքության հետևանքով հյուսիսային կողմում քիվերը խրվել են հողաշերտի մեջ։
Այսօր էլ Խնածախի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կանգուն է՝ իբրև լուռ վկա Սյունյաց աշխարհի բազմադարյա պատմության, հավատքի և տոկունության։
Տեղակայումը. Սյունիքի մարզ, գ. Խնածախ
Կոորդինատներ. 39°36′13″N 46°23′34″E