Բռնակոթում բացվել է Արտակ և Մհեր Առաքելյան եղբայրների հիշատակին նվիրված «Փառքի պուրակը». Սիսիանի համայնքապետարան
Սույն թվականի նոյեմբերի 16-ին, Բռնակոթ բնակավայրում տեղի է ունեցել Արտակ և Մհեր Առաքելյան եղբայրների հիշատակին նվիրված «Փառքի պուրակի» բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումը մեկնարկել է Սիսիանի քաղաքային պանթեոն այցելությամբ։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել և իրենց հարգանքի տուրքը մատուցել հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին՝ ևս մեկ անգամ արժևորելով նրանց անձնուրացությունն ու հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայությունը։
Այնուհետև Բռնակոթ բնակավայրում տեղի է ունեցել պուրակի բացման արարողությունը։ Բացման խոսքով հանդես է եկել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Արտակ և Մհեր Առաքելյան եղբայրների անցած ուղին, հերոսական պատմությունն ու կատարած սխրանքները։ Պուրակի օրհնության կարգ է մատուցել Սյունյաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Տեր Մակար Հակոբյանը։
Ներկաներին ուղղված խոսքով է հանդես եկել նաև համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, ով ընդգծել է հերոսների հիշատակը վառ պահելու, նրանց անուններն ու պատմությունները սերունդներին փոխանցելու կարևորությունը։ Նա նշել է նաև, որ յուրաքանչյուրի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների սխրանքները երբեք չմոռացվեն, և նրանց անցած ուղին օրինակ ծառայի գալիք սերունդների համար։
Հավե՜րժ փառք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսներին։
Տեսանյութը՝ ստորև