Բացահայտիր Սյունիքը- Հրանտ Դանիելյանի տուն-թանգարան
· Կապան
Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և հայտնի նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Հրանտ Դանիելյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված կարևոր մշակութային օջախն է: Հրանտ Դանիելյանը ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 4-ին Կապանում՝ նկարչի ընտանիքում: Նրա աշխատանքներն այսօր մասնավոր հավաքածուների մաս են կազմում Հայաստանում, ԱՊՀ երկրներում և արտասահմանյան մի շարք պետություններում: Նա 1975-1978 թվականներին գերազանցությամբ սովորել և ավարտել է գեղարվեստի դպրոցը, իսկ 1987 թվականին ավարտել է Մոսկվայի ժողովրդական արվեստի համալսարանի հաստոցային գեղանկարչության և գրաֆիկայի բաժինը: 1981-2000 թվականներին աշխատել է Կապանի տրիկոտաժի արտադրական միավորումում որպես նկարիչ-ձևավորող (դիզայներ), 1982 թվականին մեկնել է Կիև և որպես ազատ ունկնդիր հաճախել Կիևի պետական գեղարվեստի ինստիտուտ: 2005 թվականից դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ, իսկ 2013 թվականից՝ Կապանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդի անդամ:
Նկարչի ստեղծագործական ուղին հարուստ է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներով, որոնք սկիզբ են առել դեռևս դպրոցական տարիներից: Նա իր անհատական և խմբակային ցուցադրություններով հանդես է եկել 1974-1975 թվականներին Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1976-1977 թվականներին Կապանի գեղարվեստի դպրոցում, 1981 թվականին Կապանի գեղարվեստի դպրոցում, 1982 թվականին Կապանի երկրագիտական թանգարանում, 1985 թվականին Մոսկվայի և Լեհաստանի ուսանողական ցուցահանդեսներում, ինչպես նաև Հանրապետական գիտամեթոդական կենտրոնում: 1986 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Կապանի տրիկոտաժի արտադրական միավորումում, 1987 թվականին՝ հանրապետական լուսաշխի տանը և Կապանի մշակույթի կենտրոնում, 1988 թվականին՝ ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում:

Նա մասնակցել է նաև 1996 թվականին Կապանի պատկերասրահի և Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպված «Սյունիք 96» թատերական փառատոնին նվիրված ցուցահանդեսներին, 1998 թվականին Երևանում նկարիչների միության 85-ամյակին նվիրված ցուցահանդեսին, 2019 թվականի Գարնանային հանրապետական ցուցահանդեսին Հայաստանի նկարիչների միությունում, ինչպես նաև 2021 թվականի խմբակային ցուցահանդեսին Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում՝ նվիրված քաղաքի օրվան: Նկարչի հիշատակին և ծննդյան օրերին նվիրված «Իմ Սիրտը Կապանում է» խորագրով անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել 2022 թվականին Հայաստանի նկարիչների միությունում և 2024 թվականին Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում:
Թանգարանն այցելուների համար բաց է երկուշաբթիից ուրբաթ ժամը 11:00-ից մինչև 17:30-ը, իսկ շաբաթ օրերին՝ 11:00-ից մինչև 15:00-ը: Մուտքն ազատ է:
Տեղակայում և կոորդինատներ՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, ք. Կապան, Մելիք Ստեփանյան փողոց 10 (39.2076° N, 46.4058° E):