Բացահայտիր Սյունիքը-Կապանի նորապսակների այգի
· Կապան
Կապանի նորապսակների այգին ժամանակակից և խորհրդանշական ժամանցի գոտի է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում՝ Արամ Մանուկյան 1 հասցեում (քաղաքում հայտնի 75-բնակարանոց շենքի առջևի տարածքում):
Այգին հիմնովին վերակառուցվել և պաշտոնապես շահագործման է հանձնվել 2020 թվականի սեպտեմբերի 11-ին՝ որպես ամուր ընտանիքի և հավատարմության խորհրդանիշ:
Նախագծման և շինարարական աշխատանքներն իրականացվել են մոսկվայաբնակ կապանցի բարերար, «Դավիթ Բեկ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ազատի Մելքումյանի նախաձեռնությամբ և միջոցներով։

Այգու կենտրոնական հատվածում տեղադրված են միահյուսված ամուսնական մատանիների տեսքով խորհրդանշական հուշակոթող-կամարը, ինչպես նաև վերատեղադրված «Արցախուհին» քանդակը: Տարածքը ձևավորված է արդիական լուսային լուծումներով, զանազան դեկորատիվ ծառերով ու թփերով՝ ստեղծելով գրավիչ միջավայր ինչպես նորապսակների, այնպես էլ տեղացիների և զբոսաշրջիկների համար:
Տեղակայումը. Հայաստան, Սյունիքի մարզ, ք. Կապան, Արամ Մանուկյան փողոց, 1 (75-բնակարանոց շենքի դիմաց)
Կոորդինատներ. 39°12'19.4"N 46°24'18.7"E