Գորիսի նախկին աղբավայրի տարածքը կվերածվի կանաչապատ հանրային գոտու. Գորիսի համայնքապետարան

· Գորիս

Գորիսի նախկին աղբավայրի տարածքը կվերածվի կանաչապատ հանրային գոտու. Գորիսի համայնքապետարան

Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանն այցելել են Գորիսի նախկին գլխավոր աղբավայրի տարածք՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին։

Նախկին գլխավոր աղբավայրը վաղուց փակ է։ Ներկայումս շարունակվում են դեպի տարածք տանող մոտեցման ճանապարհների հիմնանորոգման և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Ծրագրի ավարտից հետո նախկին աղբավայրի տարածքը կվերածվի կանաչապատ հանրային գոտու՝ դառնալով քաղաքի բարեկարգ ու խնամված միջավայրի մի մասը։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև քաղաքից շուրջ 7 կմ հեռավորության վրա նոր, ժամանակակից սանիտարական աղբավայրի կառուցումը, որը կհամապատասխանի շրջակա միջավայրի պահպանության և թափոնների կառավարման ժամանակակից պահանջներին։

Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ Գորիսի համայնքապետարանի, Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ ֆինանսավորմամբ։

Այցի ընթացքում քննարկվել են աշխատանքների ընթացքը, առաջիկա փուլերը և իրականացման հետ կապված մի շարք կարևոր հարցեր։ Կատարվել են տեղում դիտարկումներ, առանձնակի ուշադրություն է դարձվել աշխատանքների որակին և սահմանված ժամանակացույցի պահպանմանը։

Համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի հետևողական իրականացումը կնպաստի ինչպես բնապահպանական խնդիրների լուծմանը, այնպես էլ Գորիսի քաղաքային միջավայրի բարելավմանն ու նոր հանրային տարածքի ստեղծմանը։

Գորիսի համայնքապետարան