Բացահայտիր Սյունիքը- Տաշտունի Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Տաշտուն գյուղը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում։
Գյուղում պահպանվել է քառամույթ գմբեթավոր բազիլիկ Սուրբ Ստեփանոս եկեղեցին (17-րդ դար), թեև ներսի խաչքարերից մեկի արձանագրության համաձայն՝ նշվում է 13-րդ դարը։ Եկեղեցին քառամույթ գմբեթավոր եռանավ սրահ է ներկայացնում, թաղածածկ է և շարված է ճեղքված գրանիտով ու կրաշաղախով։ Խորանի երկու կողմերում կան ուղղանկյուն ավանդատներ, իսկ տանիքը երկթեք է։ Ներսի պատերին ագուցված են տարբեր ժամանակաշրջանների խաչքարեր. արևելյան պատին կան 4 խոյատապաններ, իսկ արևմտյան պատին՝ 2 խոյատապան։ Եկեղեցու ներսում ջուր է հոսում, ինչի հետևանքով հարավային պատը մի փոքր ուռուցիկ տեսք է ստացել, սակայն լուծումներ դեռ չեն գտնվում։
Այս եկեղեցին իր կարևոր դերակատարումն է ունեցել 20-րդ դարի 18-20-ական թվականների Գարեգին Նժդեհի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում, երբ պայքար էր մղվում Արևիք գավառը խորհրդային ուժերից զերծ պահելու համար։
Խորհրդային տարիներին, մասնավորապես, 1936թ-ին, եկեղեցու գմբեթը ավերվել է կոմունիստների կողմից, իսկ կառույցը վերածվել է ցորենի պահեստի, ընդ որում՝ եկեղեցուն կից շինություններն էլ ավերվել են։ Ըստ 94-ամյա ականատեսի՝ եթե ցորենի համար այլ հարմար շենք լիներ, եկեղեցին հիմնահատակ կավերեին։ Գյուղացիների վկայությամբ՝ ավերողների մեջ մարդիկ են եղել, որոնք վաղաժամ մահացել են Աստծո տան վրա ձեռք բարձրացնելու համար։
Եկեղեցին տեղակայված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն գյուղում՝ Կապան-Մեղրի ավտոճանապարհից դեպի արևմուտք՝ Տաշտուն գետի հովտում, ծովի մակարդակից մոտ 2020 մետր բարձրության վրա։.
Աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°04′17″ հս. լ., 46°10′18″ ավ. ե. (39.0714, 46.1717)։