Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին. Syuniacyerkir. am

· Կապան

Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին. Syuniacyerkir. am

Նախընտրական քարոզարշավը Կապանում իր տարերքի մեջ է․․․

Ու որպեսզի ամբողջական պատկերացում կազմենք ընտրություններին մասնակցող թիմերի կենսունակության, գործունակության և լրջության մասին, պետք է գտնենք մի անմեղ և առտնին հարցի պատասխան՝ իսկ ինչո՞վ էին զբաղված նախընտրական թիմերի առաջատարները նախորդող չորս–հինգ տարում։

Գևորգ Փարսյանի գլխավորած թիմը՝ դեռևս քարոզարշավի մեկնարկից առաջ, օրեր շարունակ և ըստ ոլորտների, հանգամանալից հաշվետվություն ներկայացրեց հանրությանը՝ անցած հինգ տարվա գործունեության վերաբերյալ։

Եվ դա, խոստովանենք, քաղաքական մշակույթի ողջամիտ ու ողջունելի դրսևորում էր։

Հանրությանը հաշվետվություն տալու գործելակերպը շարունակվում է նաև քարոզարշավի այս օրերին։

Մենք մասնակցեցինք այդ թիմի նախընտրական ծրագրի շնորհանդեսին, ինչպես և մի քանի գյուղերի բնակիչների հետ հանդիպումներին։

Նախընտրական ցուցակի առաջատարները, որպես կանոն, ընտրողների հետ հանդիպումները սկսում են 2021-ից ի վեր կատարած աշխատանքների հաշվետվությամբ և նոր միայն ներկայացնում առաջիկա ծրագրերը, առկա խնդիրների լուծման  վերաբերյալ իրենց պատկերացումները։

Հանրության մեծ մասը սպասում է, որ հաշվետվություն կներկայացնեն նաև ՔՊ–ի նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնողները՝ Նարեկ Բաբայանը, Հայկ Հարությունյանը և Մարինա Ղազարյանը։

Իսկապես, ինչո՞վ էին զբաղված նրանք նախորդող չորս–հինգ տարում։

Հարցը չափազանց կարևոր ու պահանջված է․ չէ՞ որ նրանք հավակնում են առաջիկա հինգ տարում կառավարել Սյունիքի մարզկենտրոն Կապանը՝ համայնքով, ինչի համար, կարծում ենք, մինչ այդ պետք է հավաստած լինեին իրենց գործունակությունը, կազմակերպչական ունակությունները և, իհարկե, սյունիքակենտրոն ու կապանակենտրոն աշխարհայեցությունը։

Քարոզարշավը շարունակվում է, և կարծում ենք՝ ՔՊ–ի կապանյան թիմի երեք առաջատարները խնդրո առարկայի շուրջ հանդես կգան հանգամանալից պատասխան-պարզաբանումով՝ հանրությանը հայտնի ենթահարցերով։

Օրինակ, Մարինա Ղազարյանը և Հայկ Հարությունյանը, կարծում ենք, պատասխան պետք է տան՝ ինչո՞ւ ՔՊ վարչությունը մերժեց իրենց, երբ ամիսներ առաջ ձևավորվում էր քաղաքական այդ ուժի նախընտրական ցուցակը։

Առանց այդ հարցի պատասխանի հասկանալի չի լինի՝ որքանո՞վ են նրանք պետքական Կապանի կառավարման համակարգին, եթե պետք չեն իշխող քաղաքական ուժին։

Այնուհետև, Մարինա Ղազարյանը հինգ տարի շարունակ ԱԺ պատգամավոր էր։

Ուշարժան ի՞նչ աշխատանքներ է կատարել, օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններով է հանդես եկել, պատգամավորական մյուս գործառույթներն ինչպե՞ս է կատարել, արդյո՞ք նպաստել է բախտորոշ ժամանակներ ապրող Սյունիքի և Կապանի հիմնախնդիրների լուծմանը։

Որքան հիշում ենք՝ երկու կամ երեք անգամ ելույթ ունեցավ ԱԺ–ում՝ Կապանին առնչվող ինչ–ինչ հարցերի շուրջ։

Ժամեր անց հաջորդեց Կապանի համայնքապետարանի հերքում–պարզաբանումը՝ նրա հայտարարությունների ոչ հավաստիության և ստահոդության վերաբերյալ։

Գուցե հիմա՞ ասի՝ ինչո՞վ էր պայմանավորված իր բնօրրան Կապանի մասին անհավաստի տեղեկություններ շաղ տալու մոլուցքը։

Գուցե հիմա՞ ասի՝ արդյո՞ք կապանցի ընտրողների անունից էր ամիսներ առաջ հայտարարում՝ «Եկեք կաթողիկոս կոչումը չգործածենք, ի՞նչ կաթողիկոս․․․»։

Արդյո՞ք կապանցի ընտրողների անունից է մինչև այսօր խիստ կասկածելի հայտարարություններ անում Անկախության հռչակագրի, հայոց Արցախի և ալիևյան սահմանադրության մասին։

Ինքը պատրա՞ստ է հրապարակային բանավեճի դուրս գալու այդ հարցերի շուրջ։

Ոչ պակաս պահանջված է Հայկ Հարությունյանի հաշվետվությունը․ տարիներ շարունակ Սյունիքի  մարզպետի տեղակալն է։

Տարիներ շարունակ մարզպետը ոչ մի անգամ հանրությանը հաշվետվություն չներկայացրեց՝ ինչո՞վ են զբաղված ինքն ու իր աշխատակիցները, ի՞նչ դիրքորոշում ունեն սյունիքյան հիմնախնդիրների շուրջ։

Ի վերջո, ինչո՞ւ մարզպետարանն ինքնամեկուսացվեց Սյունիքից ու սյունիքյան հիմնախնդիրներից։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում