Բացահայտիր Սյունիքը - Արավուս գյուղ

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը - Արավուս գյուղ

Արավուսը Սյունիքի մարզի սահմանապահ գյուղերից է, որը գտնվում է բարձրլեռնային բնության գրկում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ: Վարչականորեն այն ընդգրկված է Տեղ համայնքի կազմում և գտնվում է ծովի մակարդակից 1350-1390 մետր բարձրության վրա: Գյուղը տեղակայված է Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում՝ Գորիս քաղաքից մոտ 12 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ մարզկենտրոն Կապանից՝ շուրջ 103 կմ հեռավորության վրա:

​Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Արավուսն ունեցել է տարբեր վարչական ենթակայություններ. Ցարական Ռուսաստանի օրոք այն ներառված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում: Խորհրդային տարիներին մտել է Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի կազմի մեջ: 1933 թվականին գյուղում հիմնադրվել է կոլտնտեսություն, որը գործել է մինչև 1991 թվականը: Նախկինում Արավուսն ընդգրկված էր Տեղի գյուղխորհրդում, որից տարանջատվել է 1991 թվականին, 1995-ին դարձել է Սյունիքի մարզի բնակավայր, իսկ 2016 թվականից կրկին միավորվել է խոշորացված Տեղ համայնքին:

​Արավուսն առաջին հերթին աչքի է ընկնում իր ռազմավարական դիրքով և սահմանապահ բնակավայրին բնորոշ անկոտրում ոգով: Այստեղի բնակիչներն առանձնանում են իրենց բացառիկ հայրենասիրությամբ, տոկունությամբ, հյուրընկալությամբ և հարազատ հողին ամուր կառչած լինելու անսասան կամքով: Չնայած սահմանամերձ գոտու դժվարություններին՝ գյուղացիները շարունակում են ապրել ու արարել իրենց պապենական հողում՝ զբաղվելով հիմնականում անասնապահությամբ և դաշտավարությամբ:

​Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Տեղ համայնք

Կոորդինատները՝ 39°33′46″N 46°28′2″E