Մինչև 2027-ի վերջը ծնված երեխաները նույնպես կներառվեն բնակապահովման ծրագրում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում. Iravaban. net

· Հայաստան

Մինչև 2027-ի վերջը ծնված երեխաները նույնպես կներառվեն բնակապահովման ծրագրում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում. Iravaban. net

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի ընթացիկ արդյունքները և նախատեսվող փոփոխությունները։

Ներկայացված տվյալների համաձայն՝ Ղարաբաղից տեղահանված 5372 ընտանիք արդեն իրացրել է բնակապահովման պետական աջակցության հավաստագիրը։ Արդյունքում շուրջ 25 հազար անձ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք է ձեռք բերել կամ գտնվում է բնակարանի կառուցապատման փուլում։ Այս պահին հաստատվել է ընդհանուր առմամբ 9042 հավաստագիր՝ շուրջ 37 հազար անձի համար։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, ծրագրի շրջանակում ակտիվ է ինչպես հավաստագրերի ստացման դիմումների ներկայացման, այնպես էլ արդեն տրամադրված հավաստագրերի իրացման գործընթացը։

Կառուցապատման բաղադրիչից օգտվել է 107 ընտանիք

Հավաստագիր ստացած ընտանիքներից 396-ն ընտրել է կառուցապատման բաղադրիչը, որոնցից 107-ն արդեն իրացրել է հավաստագիրը։

Ներկայացված տվյալների համաձայն՝ երկրորդային շուկայում պատրաստի տների առաջարկը գրեթե սպառվել է, ինչի հետևանքով շահառուների մեծ մասն այժմ նախընտրում է կառուցապատման տարբերակը։ Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ աշխատանքներ են տարվում կառուցապատման բաղադրիչի ընթացակարգերը բարելավելու ուղղությամբ, որպեսզի շահառուները խնդիրներ չունենան ինչպես բանկերի, այնպես էլ կառուցապատողների հետ։

Ո՞ր մարզերում են առավել շատ իրացրել հավաստագրերը

Իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությամբ առաջատարը Կոտայքի մարզն է, որտեղ անշարժ գույք է ձեռք բերել 1534 ընտանիք։

Մարզային բաշխվածությունը հետևյալն է.

  • Կոտայք՝ 1534 ընտանիք,

  • Արմավիր՝ 830 ընտանիք,

  • Արարատ՝ 748 ընտանիք,

  • Երևան՝ 537 ընտանիք,

  • Լոռի՝ 442 ընտանիք,

  • Սյունիք՝ 264 ընտանիք,

  • Գեղարքունիք՝ 204 ընտանիք,

  • Շիրակ՝ 191 ընտանիք,

  • Արագածոտն՝ 184 ընտանիք,

  • Տավուշ՝ 111 ընտանիք,

  • Վայոց ձոր՝ 74 ընտանիք։

Ղարագյոզյանն անդրադարձել է նաև անշարժ գույքի շուկայում արձանագրված գնաճին՝ նշելով, որ խնդիրը հիմնականում վերաբերում է Երևանին։ Մայրաքաղաքում աջակցության չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3 միլիոն դրամ է, ուստի փոքր կազմով ընտանիքները գույք ձեռք բերելիս հաճախ ստիպված են լինում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել։

Ավելին `սկզբնաղբյուր կայքում