Համայնքային ոստիկանները Կապանում հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքը
· Կապան
Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև կամավոր հանձնման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու բացատրական աշխատանքները։
Նոյեմբերի 4-ին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ սպանության մեղադրանքով կալանավորված 69-ամյա տղամարդը Կապանի Բաղաբուրջ թաղամասում գտնվող տան հարակից անասնագոմի տանիքում զենք-զինամթերք է պահում։ Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքում օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Իսկ կամավոր հանձնման դեպքում, օրենքով սահմանված պայմանների պահպանմամբ, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Հետևեք կամավոր հանձնողների օրինակին և օգտվեք օրենքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունից։