Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq.am
2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձեւավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որեւէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար: Այս մասին գրում է Հետքը:
Վայոց Ձորում եւ Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Այս հոդվածում կանդրադառնանք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին:
«Սեւ լիճ» արգելավայր
2020 թ. պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի ամբողջ Քաշաթաղի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, վերջինիս զինված ստորաբաժանումներն առաջացան ու հայտնվեցին Սյունիքի հյուսիսում գտնվող Սեւ լճի անմիջական հարեւանությամբ:
Խորհրդային վարչական բաժանման համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է հենց լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, ըստ Google-ի քարտեզով մեր չափումների, 1.7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0.3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը:
Չնայած սրան՝ 2021-2022 թթ. ադրբեջանցիները խորացել են ՀՀ սուվերեն տարածքում եւ գրեթե ամբողջությամբ զավթել լիճը: Հայկական կողմը ներկայում դրան հասանելիություն ունի միայն հարավարեւմտյան կողմից: Եթե 2021-ին ադրբեջանցիները վերահսկում էին սահման հանդիսացող Փոքր Իշխանասար (3455 մ) եւ լճից հարավ՝ ՀՀ տարածքի խորքում գտնվող Գլուխ Ձեգեձորի (3234 մ) լեռները, ապա 2022-ի սեպտեմբերյան հարձակման արդյունքում գրավել են նաեւ ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող Մեծ Իշխանասարը (3552 մ), որը վերահսկում է ամբողջ շրջակայքը, ապա դրա հարավային լանջով խորացել ՀՀ տարածքում 3 կմ՝ հասնելով Վարդասար բարձունքին (3214 մ): Այդպիսով՝ նրանց վերահսկողության տակ են անցել Սեւ լիճը եզերող բոլոր հիմնական գագաթները:
Սեւ լիճը անհոսք քաղցրահամ լիճ է, որը կազմավորվել է Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում՝ 2670 մ բարձրության վրա: Հյուսիս-հարավ ձգվածությունը 1.2 կմ է, արեւմուտք-արեւելք ձգվածությունը՝ 1.6 կմ, առավելագույն խորությունը՝ մոտ 7.5 մ, ջրի ծավալը՝ ավելի քան 9 մլն խմ: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի անոթավոր բույսեր:
Ավելին՝ սկզբնաղբյուրում: