Միջազգային մամուլը՝ Շիկահողի մասին․ անտառների ոչնչացումը ստվերում է խաղաղությունը
Հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացված ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովը լուսաբանող միջազգային լրագրողներից մի քանիսն այցելել էին նաև Սյունիք՝ Շիկահողի պետական արգելոց, և անդրադարձել այնտեղ առկա բնապահպանական խնդիրներին։
Ֆրանսիական AFP գործակալության ՝ Սրաշենից պատրաստած ռեպորտաժը հրապարակվել է France 24 , Courrier International, Yahoo News և այլ լրատվամիջոցներում։ Թեմային անդրադարձել են նաև ֆրանսիական Le Figaro օրաթերթը, որն իր վերնագրում օգտագործել է «լայնածավալ էկոցիդ» ձևակերպումը, և Գերմանիայի հանրային ռադիոն՝ Deutschlandfunk-ը։
Հրապարակումների հիմնական ուղերձն այն է, որ մինչ Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում խոսվում է հարաբերությունների կարգավորման և խաղաղության հեռանկարների մասին, սահմանամերձ անտառների շուրջ իրավիճակը ցույց է տալիս, որ լարվածությունը պահպանվում է։
Հայաստանի իշխանությունները, սակայն, Շիկահողի խնդիրը չեն ներառել COP17-ի պաշտոնական բանակցային օրակարգում։ Դեռ համաժողովի մեկնարկից առաջ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտարարել էր, որ հարցը բազմակողմ բանակցությունների հարթակ տեղափոխելը կհակասեր Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի չեզոքության սկզբունքին։