«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել Շաքիի հարցով փակ հանդիպմանը ուժայինների հետ. Վարդանով
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները չեն մասնակցել խորհրդարանում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած փակ հանդիպմանը, որի նպատակն էր քննարկել ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ներթափանցելու միջադեպը։ Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։
Նրա խոսքով՝ հանդիպմանը չմասնակցելու որոշումը պայմանավորված է Քննչական կոմիտեի ղեկավարի հայտարարություններով, որոնցով, ըստ պատգամավորի, նա ամեն կերպ արդարացրել է ադրբեջանցի զինծառայողի գործողությունները։
«Մենք հաշվի ենք առնում, որ նա զբաղված է ահաբեկչին պաշտպանելով։ Դրան զուգահեռ՝ մենք տեսանք, թե ինչ էր կատարվում մեր առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։ Հաշվի առնելով այս ամենը՝ մենք եկանք այն եզրահանգման, որ ահաբեկչի «փաստաբանի» հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ նա ակտիվորեն մասնակցում է «ալիևյան սահմանադրության» դեմ պայքարողների նկատմամբ քաղաքական ճնշումներին», — նշել է նա։
Վարդանովի գնահատմամբ՝ նման մոտեցումը երկրի դարպասները բացում է այլ ահաբեկիչների առաջ։ Ընդդիմադիր գործիչը համոզմունք է հայտնել, որ ադրբեջանցի զինծառայողը չի մոլորվել։ Նա ենթադրել է, որ զինծառայողը կարող էր պարտք լինել յուրայիններից որևէ մեկին և որոշել հայի արյուն թափել՝ որպես պարտքի մարում։
Պատգամավորի կարծիքով՝ մոլորված զինծառայողը 50 կիլոմետր չի խորանում այլ երկրի տարածքում և այնտեղ հինգ օր չի անցկացնում, այլ անմիջապես հանձնվում է։ «Բացի այդ, նա երեխաների է պատանդ վերցրել, կրակ բացել նրանց մոր ուղղությամբ», — պնդել է Վարդանովը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մասնակցել են այդ փակ հանդիպմանը։