Սյունյաց պատմություններ-Օխտն օրորոցի լեգենդն ու Քարահունջի թաքնված գաղտնիքները

· Սյունիքի Մարզ

Սյունյաց պատմություններ-Օխտն օրորոցի լեգենդն ու Քարահունջի թաքնված գաղտնիքները

Սյունիքի հնամենի Քարահունջ գյուղում դեռևս 1998 թվականին Անդրանիկ Բաղդասարյանը հավաքագրել է տարեցների հուշերն ու արժեքավոր գրքույկով ապագա սերունդներին ավանդել «Օխտն օրորոց» հայտնի լեգենդը: Ըստ այդ ավանդության՝ գյուղի հյուսիսային մասում՝ հսկա ժայռերի փեշերին, մի հարկի տակ սիրով ու համերաշխությամբ ապրում էր նահապետական մի բազմանդամ ընտանիք: Պատկառելի ծնողների հետ այդտեղ բնակվում էին յոթ եղբայրներ, յոթ քույրեր,յոթ հարսներ՝ յոթ օրորոցով, թոռներ, ծոռներ, թվով՝ քառասուն հոգի: Ահեղ երկրաշարժից հսկայական ժայռաբեկորը գլորվում է ցած և իր տակ առնում տունը: Այդ ողբերգությունից հետո ժայռաբեկորն ստանում է «Օխտն օրորոց» անունը: Հետագայում տեղում իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում քարի տակից հայտնաբերված կավե ամաններն ու սափորները, որոնք այժմ պահվում են տեղի դպրոցի հնագիտական թանգարանում, փաստացի հաստատում են լեգենդի իրական հիմքերը:

​Հուշարձանն ունի նաև պատմագիտական մեծ նշանակություն: Ժայռաբեկորի հարթ երեսին փորագրված են հայերեն արձանագրություններ, արևի ժամացույց, մարդկանց ու կենդանիների պատկերներ: Դեռևս 1935 թվականին գիտական արշավախումբը վերծանել է 14-րդ դարին վերաբերող արձանագրությունը, որտեղ հիշատակվում է ծնողների պատվին կառուցված եկեղեցու մասին (որի հետքերն այժմ չկան): Ժայռի վերին ձախ մասում պատկերված են ձիավորներ ու հետիոտն ֆիգուրներ:

​Մասնագետների դիտարկմամբ՝ ժայռաբեկորի վրայի որոշ իծագրեր հիշեցնում են Սիսիանի Ուղտասարի ժայռապատկերները: Սա թույլ է տալիս ենթադրել, որ թեև 14-րդ դարում այստեղ կառուցվել է ուխտատեղի, ինքնին պատկերներն ունեն 6-10 հազար տարվա վաղեմություն և կարոտ են հետագա խորը հնագիտական ուսումնասիրության:

​Տեղակայումը՝ Սյունիքի մարզ, գյուղ Քարահունջ

Կոորդինատներ՝ 39°28'46"N 46°01'34"E

Լուսանկարը `syuniacyerkir. am-ի