Բացահայտիր Սյունիքը - «Գավազան» սյուն
· Տաթև
Տաթևի վանական համալիրում յուրահատուկ տեղ է գրավում Սուրբ Երրորդությանը նվիրված «Գավազան» սյունը՝ հայտնի հուշարձան-կոթող, որն ընդգրկված է Հայաստանի ութերորդ հրաշալիքների թվում: Այս ճարտարապետական գեղեցիկ կերտվածքն ու հայկական ինժեներական անկրկնելի ստեղծագործությունը կառուցվել է 906 թվականին Հովհաննես Եպիսկոպոսի օժանդակությամբ՝ Սբ. Պողոս-Պետրոս տաճարի շինարարությունն ավարտելուց հետո։
«Գավազան» սյունը կանգնած է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցուց հարավ: Հուշարձանը կառուցված է կրի և քարի շաղախով, երեսապատված է մանր սրբատաշ քարերով: Սյունն ութանիստ է, որի յուրաքանչյուր կողմն ունի 36 սմ լայնություն, իսկ շրջանագիծը 2.88 մետր է: Կառույցի ընդհանուր բարձրությունը 9 մետր է:
Գավազանը հենվում է երկաստիճան, նույնպես ութանիստ պատվանդանի վրա, որը կազմված է 12 մասից:

Մոտավորապես մեջտեղի հատվածում այն եզերված է ուռուցիկ նեղ գոտիներով: Մոտ 6.5 մ բարձրության վրա բունը պսակվում է խոյակներով, որից հետո գալիս է վարդիկներով զարդարված անոտ, ապա պարզ նախշերով զարդարված գունդը, որը խորհրդանշում է Երկիրը: Գնդի վրա տեղադրված է խաչքար-կողմնացույց, իսկ լայն եղջրաշրջանակի մեջ դրվագված են խաչքարեր՝ մոտ 1.05 մ բարձրության վրա: Սյան գագաթին ամրացված է փորակավոր զարդաքանդակներով խաչքար: Հուշակոթողի վրա պատկերված են նաև ժամացույց և թռչուններ:
Գավազան-սյունը ճարտարագիտական արվեստի եզակի գլուխգործոց է և հայկական կոթողային արվեստի ճոճվող (օրորվող) ստեղծագործություն: Սա միակ կառույցն է, որը դարերի ընթացքում կանգուն է մնացել՝ չքանդվելով ո՛չ բնական աղետներից և ո՛չ էլ մարդկանց ազդեցությունից: Սյան ճոճվելը պայմանավորված է դրա հիմքի հոդավոր կոնստրուկցիայով, ինչն օգնում է կառույցին Երկրի մակերեսի նկատմամբ մնալ 90° անկյան տակ՝ պահպանելով հավասարակշռությունը: Երբ սյունը հրում էին, այն ճոճվում էր հիմքի վրա և նորից վերադառնում իր ուղղահայաց դիրքին: Մանր քարերով երեսապատված նրա զանգվածի մոնոլիտությունը ձեռք է բերվել միջուկը կազմող որակի շնորհիվ, ինչով էլ բացատրվում է, թե ինչու ճոճումն ու տատանումները չէին խախտում սյան կառուցվածքի ընդհանուր կայունությունը:
Բացի այդ, այն համարվում է մարդկության ստեղծած ամենաճշգրիտ աստղագիտական գործիք-կողմնացույցը, որը կողմնորոշված է Հայկ (Օրիոն) գոտուն և ցույց է տալիս ժամանակի հաշվարկման զրոյական կետը:
Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Տաթև գյուղ, Տաթևի վանական համալիր:
Կոորդինատները՝ 39.238611, 46.250556