Բացահայտիր Սյունիքը - Ցաքուտի եկեղեցի
Ցաքուտի եկեղեցին գտնվում է Տաթև գյուղից հյուսիս՝ Որոտան գետի ձախ ափին, «Սատանի կամրջի» մոտ գտնվող «Ցաքուտ» վայրում ։
Եկեղեցին կառուցվել է Սյունյաց Հակոբ Ա եպիսկոպոսի կողմից: Եպիսկոպոսը Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի եղբորորդին էր և նրա կողմից էլ ձեռնադրվել է 918 թվականին: Ստեփանոս Օրբելյանի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Հակոբ Ա եպիսկոպոսը Սյունյաց Փիլիպե իշխանից գնում է Ձագեձորի Վարարակն կոչված ջուրը, բազմաթիվ չարչարանքների ու մեծ ջանքերի գործադրումով բերում հասցնում է մինչև Ցաքուտ վայրը՝ Տաթևի վանքի դիմաց: Քարքարոտ ու փշերով պատված ընդարձակ վայրը դարձնում է վարդաստան ու ծառաստան, բազմատեսակ մրգատու ծառերով ու խաղողի որթատունկերով այգիներ հիմնում: Հարթեցնում է տալիս նույն վայրում գտնվող գեղեցիկ բլրի գագաթը և կառուցում գմբեթահարկ եկեղեցի, որը հատկապես աչքի էր ընկնում իր որմնանկարներով: Եպիսկոպոսը թողել է ձեռագիր արձանագրություն, համաձայն որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 932 թվականին:
Եկեղեցին կառուցված է սրբատաշ բազալտով: Ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, երկայնական պատերին կից երկու զույգ հզոր որմնասույթերով: Եկեղեցու խորանն ունի ուղղանկյուն եզրագիծ, որի հատակն ունի կիսաշրջանաձև տեսք՝ մոտ 30 սմ խորությամբ: Մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Կամարները և որմնակամարները շեշտված պայտաձև տեսք ունեն: Շինարար վարպետները պատերին թողել են իրենց նշանները: Ցաքուտի եկեղեցին հայկական նույնատիպ հուշարձանների շարքում առանձնանում է խորանի ինքնատիպ ու եզակի լուծումով՝ ուղղանկյուն և կիսաշրջանաձև ձևերի զուգակցումով: Ներկայումս եկեղեցու գմբեթը, ծածկի թաղերը և արևելյան պատն ավերված են, երբեմնի ճոխ որմնանկարներից ոչինչ չի պահպանվել:
Ջրանցքը գործել է հարյուրավոր տարիներ և բարիք է պարգևել մարդկանց: Ցաքուտում ճանապարհի շինարարության ժամանակ գտնվել են երբեմնի ջրանցքի մաս հանդիսացող կավե զույգ խողովակներ: Մեր օրերում շրջապատը վերստին հիշեցնում է հին Ցաքուտ անվանումը, որտեղ աճում է փուշ ու տատասկ:
Տեղակայումը և Կոորդինատները
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, Տաթև գյուղից հյուսիս
39°23'38.2"N 46°15'32.8"E