Գորիսի համայնքի ղեկավարն ընդունել է ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներին․Գորիսի համայնքապետարան

· Գորիս

Գորիսի համայնքի ղեկավարն ընդունել է ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներին․Գորիսի համայնքապետարան

Գորիսի համայնքի ղեկավարն ընդունել է ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներին

Գորիսի համայնքի ղեկավարն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչներին և համակարգողներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԶԾ-ի աջակցությամբ Գորիս խոշորացված համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, ինչպես նաև համագործակցության շրջանակում առաջիկա անելիքներին։

Այցի շրջանակում հյուրերն այցելել են Գետափնյա թաղամաս, որտեղ ծանոթացել են բազմաբնակարան բնակելի շենքի մանսարդային հարկի կառուցման աշխատանքներին։

Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 135 միլիոն դրամ։ Այն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում կառուցվում է մանսարդային հարկ, որի արդյունքում բնակարաններով կապահովվեն բնակարանային կարիք ունեցող ընտանիքներ։

Տեղում ներկայացվել են աշխատանքների ընթացքը, կատարվել դիտարկումներ և քննարկվել ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է Գորիսի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունում, որտեղ ՄԱԶԾ-ի ֆինանսավորմամբ տեղադրվել են արևային էներգիայի կայաններ։ Հյուրերը ծանոթացել են իրականացված աշխատանքներին, ինչպես նաև հաստատությունում առկա խնդիրներին ու կարիքներին։

Հանդիպման ընթացքում կարևորվել է համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի շարունակականությունը, առկա խնդիրների վերհանումը և դրանց լուծման ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։

Գորիսի համայնքապետարանը կարևորում է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը՝ համայնքի բնակավայրերում կենսապայմանների բարելավման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով։

Գորիսի համայնքապետարան