Ճանաչենք Սյունիքի մարզի տաղանդավորներին - Սեյրան Մկրտչյան

· Գորիս

Ճանաչենք Սյունիքի մարզի տաղանդավորներին - Սեյրան Մկրտչյան

Սեյրան Մկրտչյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 24-ին Գորիս քաղաքում: Հայրը՝ գրող և դերասան Նապոլեոն Մկրտչյանն է (1935), իսկ մայրը՝ Թերեզա Խանզադյանը (1942): Սեյրան Մկրտչյանն իր միջնակարգ կրթությունը ստացել է Գորիսի թիվ 2 դպրոցում: Այնուհետև 1981 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ֆակուլտետում: 1985 թվականին նշանակվել է Կապանի շրջանի Եղվարդի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ: Անդամակցել է «Եղիցի լույս» գրական խմբին:

​1988 թվականին աշխատանքի է ընդունվել Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես բեմադրական մասի վարիչ, ապա՝ 1996 թվականից որպես տեխնիկական ռեժիսոր: 1997 թվականից մինչև 2020 թվականը աշխատել է որպես բարձր կարգի դերասան, զուգահեռ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում՝ որպես բեմական խոսքի դասախոս: 2007 թվականին նկարահանվել է «Երևան» ստուդիայի նկարահանած Արցախյան ազատամարտի մասին պատմող «Մի վախեցիր» ֆիլմում, որը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում և առաջադրվել «Արտամրցութային ծրագրեր» անվանակարգում: Նկարահանվել է նաև Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր», Հայկ Համբարձումյանի «Միրհավ» ֆիլմերում:

​Ամուսնացել է 1985 թվականին, կինն է Սվելտանա Շահնազարյանը, զավակներն են՝ Լուսինեն (1986), Հայկը (1988), Հակոբը (1991), Շուշանը (1995):

​Հայ թատերարվեստի ասպարեզում ունեցած իր ավանդի համար Սեյրան Մկրտչյանն արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի, 2017 թվականին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

​Թատրոնում և կինոյում իրականացրել է հետևյալ բեմականացումներն ու դերերը.

  • ​1998 թվականին «Բակունցի վերջին օրը» բեմականացման մեջ խաղացել է Ակսել Բակունց դերը:

  • ​1999 թվականին «Կյորես» բեմականացման մեջ խաղացել է Խաչ դերը:

  • ​2003 թվականին «Գնա մեռի, արի սիրեմ» բեմականացման մեջ խաղացել է Սարո դերը:

  • ​2018 թվականին մասնակցել է «Գրինչի արկածները» բեմականացմանը:

  • ​2019 թվականին մասնակցել է «Որբանոց» բեմականացմանը:

  • ​2019 թվականին մասնակցել է «Ի զեն» բեմականացմանը:

Մահացել է 2020 թվականի նոյեմբերի 30-ին 58 տարեկանում Գորիսում: