Իշխանությունը պատրաստ է Սյունիքով ճանապարհ տալ՝ առանց խաղաղության պայմանագրի․ Կարապետյան

Իշխանությունը պատրաստ է Սյունիքուվ ճանապարհ տալ մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։
Այսօր ԱԺ-ում Միրզոյանը, պատասխանելով Նարեկ Կարապետյանի հարցին, հայտարարեց, որ «Թրամփի ուղի» նախագիծը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Նա նշեց` մեկ այլ անձ կարող էր ասել, թե պետք է սկզբում խաղաղություն լինի, հետո գործարկվի TRIPP-ը, բայց, չնայած դասագրքային հերթականությանը, կյանքն իր սրբագրումներն է անում։
«Այսինքն՝ խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում։ Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը»,- գրում է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ երաշխիքներին վերաբերող հարցին ի պատասխան՝ Միրզոյանը մի քանի անդամ նշել է, թե երաշխիքն այն է, որ այս նախագիծը փոխշահավետ է ու պետք է և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ երրորդ կողմին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։