ՔՊ-ի թեկնածու Նարեկ Բաբայանի ունեցվածքը․ 8 միլիոն դրամ կանխիկ և 1,35 միլիոն դրամ վարկ

· Կապան

ՔՊ-ի թեկնածու Նարեկ Բաբայանի ունեցվածքը․ 8 միլիոն դրամ կանխիկ և 1,35 միլիոն դրամ վարկ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Կապանի համայնքապետի պաշտոնի համար առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանի՝ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք և դրամական միջոցներ է նա ունեցել այն ժամանակ։

Կապանի համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքական պայքարը թեժանում է։ Ինչպես գրել է «Ժողովուրդ» օրաթերթը, գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը։ Իշխանական թիմից համայնքապետի թեկնածու է առաջադրվել Նարեկ Բաբայանը, որը նախկինում զբաղեցրել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, ավելի ուշ ԶՊՄԿ նախկին տնօրենի պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն Կապանում հասնել քաղաքական իշխանափոխության և թույլ չտալ Գևորգ Փարսյանի վերընտրությունը։ Թերթի աղբյուրները նաև փոխանցել են, որ Բաբայանի թեկնածությունը իշխանական մեծամասնության շրջանում միանշանակ ընդունված չի եղել։

Ի՞նչ է հայտարարագրել Նարեկ Բաբայանը

Բաբայանի հայտարարագիրը ներկայացվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին։ Դրանում նա նշված է որպես Սյունիքի մարզպետի տեղակալ։

Անշարժ գույք

Հայտարարագրում Բաբայանի անունով անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ նշված չեն։

Ավտոմեքենա

Նարեկ Բաբայանը հայտարարագրել է 2011 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի մարդատար ավտոմեքենա։ Այն ձեռք է բերել 2019 թվականի հունվարի 1-ին՝ գնման եղանակով։

Դրամական միջոցներ
Հայտարարագրի համաձայն՝ Բաբայանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցել է 8 մլն դրամ կանխիկ գումար։ Հայտարարագրում բանկային հաշիվների մնացորդների, բանկային ավանդների և այլ անձանց տրամադրած փոխառությունների վերաբերյալ տվյալներ նշված չեն։

Եկամուտներ և վարկային պարտավորություններ
Հայտարարագրի եկամուտների բաժնում հաշվետու ժամանակաշրջանի եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն։ Միաժամանակ, վարկերի և փոխառությունների բաժնում նշված է 1 մլն 350 հազար դրամի վարկի մայր գումարի մնացորդ։
Հայտարարագրում առևտրային կազմակերպություններում մասնակցության, արժեթղթերի, այլ ներդրումների և թանկարժեք գույքի վերաբերյալ տվյալներ նույնպես չկան։
Նշենք, որ հայտարարագիրը ներկայացնում է Բաբայանի գույքային դրությունը՝ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը դադարեցնելու ժամանակահատվածի վերաբերյալ, և չի արտացոլում նրա ներկայիս գույքային դրությունը։

Սոնա Գրիգորյան