Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը
· Գորիս
Այսօր՝ հոկտեմբերի 26-ի վաղ առավոտյան, կյանքից հեռացել է բոլորիս սիրելի Սլավիկ Սուրենի Ամիրյանը:
Բժշկական գիտությունների դոկտոր Սլավիկ Ամիրյանը ծնվել է 1956 թ. ապրիլի 19-ին Գորիս քաղաքում:
1979 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։
1979 թվականից աշխատում էր Գորիսի շրջանային կենտրոնական հիվանդանոցում (1991 թվականից՝ գլխավոր բժիշկ)։
Արցախյան պատերազմի առաջին օրերից Սյունիքի տարածաշրջանի գլխավոր վիրաբույժն էր, 1993 թվականից՝ Սյունիքի անհետաձգելի բժշկական օգնության կենտրոնի տնօրեն և տարածաշրջանի քաղպաշտպանության բժշկական ծառայության պետ։
Արցախյան առաջին հերոսամարտի ժամանակ ղեկավարել և կազմակերպել է անհետաձգելի բուժօգնությունը մարտադաշտում։ Իրականացրել է վիրավորների տեսակավորումն ու տարհանումը ՀՀ բուժհիմնարկներ և կլինիկական հենակետեր։
Լաչինի մարդասիրական միջանցքի բացումից հետո ազատագրված տարածքներում կազմակերպել է բուժօգնություն։
Ամիրյանի «Հրազենային վնասվածքների բուժումը և բուժօգնության կազմակերպումը տեղային ռազմական ընդհարումների ժամանակ» թեմայով դոկտորականի թեզը ՀՀ ռազմական բժշկագիտության առաջնեկն էր։
Ռուսաստանի բնական գիտությունների (1999), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային (1999) ակադեմիաների անդամ էր, «Հայաստանի վիրաբուժության 21-րդ դար» ընկերակցության Մեծ խորհրդի անդամ, Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2000)։
1990-95 թվականներին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր էր Գորիսի շրջանից։
Պարգևատրվել է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի Իվան Պավլովի, Վլադիմիր Վերնադսկու, ՀՀ «Մխիթար Հերացի», «Մարտական գործողությունների մասնակից» մեդալներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Նա իր գործունեության ու հայրենի եզերքին անմնացորդ նվիրվածության շնորհիվ ընդմիշտ տեղ է գտել Սյունիքի և հատկապես Գորիսի նորագույն շրջանի պատմության լուսավոր էջերում։