Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը․ գործածվելու են թվով 972 տեխնիկական սարքավորումներ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Իսկ 2 համայնքներում՝ Ֆիոլետովո և Շամիրամ, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են թվով 972 տեխնիկական սարքավորումներ։
Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու նպատակով՝ 28 զանգվածային լրատվության միջոց։
Ընտրական գործընթացին կարող եք հետևել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում և ԿԸՀ պաշտոնական ֆեյսբուքյան հարթակում։