Ճանաչենք Սյունիքի մարզում ծնված հսկաներին-Ակսել Բակունց. Ակսել Բակունց. Գորիսի հողից ծնված հանճարը

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Թևոսյան) ծնվել է 1899 թվականին Գորիսում։
Նրա «Բակունց» գրական անունը տոհմական ազգանվան փոփոխված ձևն է, իսկ «Ակսելը» վերցրել է նորվեգացի գրող Բյորնսոնի հերոսներից մեկի անունից։
Չնայած ծնողները՝ Ստեփանն ու Բոխչագյուլը, ժամանակին ունևոր են եղել, Բակունցն իր մանկությունն անցկացրել է սոցիալական ծանր պայմաններում՝ լինելով բազմազավակ ընտանիքի 10 երեխաներից ավագը։
Տեղի դպրոցից հետո նա ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ արդեն 14 տարեկանում հրատարակել է իր առաջին գործը՝ «Հիմար մարդը»։
1917-ին նա կամավորագրվել է և մասնակցել Կարսի, Կարինի ու Սարդարապատի կռիվներին, ինչն իր հետագա ստեղծագործություններում («Աղոթք», «Անտառում») արտացոլվել է որպես ծանր հոգեկան ապրում։
Մասնագիտությամբ գյուղատնտես Բակունցը կրթություն է ստացել Խարկովում, որտեղ էլ ծանոթացել է կնոջ՝ Վարվառա Չիվիջյանի հետ։
Նրանք ունեցել են մեկ որդի՝ Սևադան։ Վերադառնալով Երևան՝ նա դարձել է «Նոյեմբեր» գրական խմբակի անդամ, մտերմացել Չարենցի ու Մահարու հետ։
Այս շրջանում են լույս տեսել նրա «Մթնաձոր» և «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուները, «Կյորես» վիպակն ու «Ծիրանի փողը» պատմվածքը։
Նա նաև թարգմանել է Գոգոլի «Տարաս Բուլբան» և աշխարհաբարի վերածել «Աղվեսագիրքը»։
Ըստ կնոջ վկայության՝ նրա «Խաչատուր Աբովյան» վեպն ավարտված է եղել, սակայն ձերբակալությունից հետո անհետացել է։
Բակունցի կյանքն ընդհատվեց ստալինյան բռնաճնշումների պատճառով։
1930-ականներից սկսված հալածանքները հանգեցրին նրան, որ 1936-ի օգոստոսի 9-ին նա ձերբակալվեց։
Նրան մեղադրում էին «դաշնակցականության» մեջ, իսկ գրական գործընկերները, մասնավորապես Նաիրի Զարյանը, հանդես էին գալիս նրան վարկաբեկող հոդվածներով։
Բանտում անցկացրած 11 ամիսների ընթացքում Բակունցը ենթարկվել է տանջանքների, ինչի մասին վկայում են նրա հուսահատ նամակները ղեկավարությանը։
Նա խնդրում էր իրեն տալ գոնե գիրք ու մատիտ՝ գրելու և կարդալու հնարավորություն ունենալու համար, սակայն նրա աղերսներն այդպես էլ մնացին անպատասխան։
1937 թվականի հուլիսի 8-ին, ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի որոշմամբ, նա դատապարտվեց մահապատժի՝ հակախորհրդային գործունեության մեղադրանքով։ Դատավճիռն ի կատար ածվեց հենց նույն օրը՝ հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը։ Ակսել Բակունցին գնդակահարեցին ընդամենը 38 տարեկան հասակում։
Նրա գերեզմանի ստույգ վայրն անհայտ է մնում մինչ օրս։ Միայն 1955 թվականին՝ Ստալինի մահից հետո, Բակունցը հետմահու արդարացվեց՝ հանցակազմի բացակայության պատճառով։
Բակունցի ստեղծագործությունների մեծ մասի գործողությունները տեղի են ունենում Գորիսի շրջակայքում՝ Զանգեզուրի բնաշխարհում։ Նրա հռչակավոր «Մթնաձոր» ժողովածուն հենց այդ կիրճերի, անտառների և լեռների գեղարվեստական արտացոլումն է։
Գորիսի բնությունը նրա գործերում ոչ թե պարզապես ֆոն է, այլ կենդանի հերոս, որը թելադրում է մարդկանց ճակատագրերը։
«Ես իմ քաղաքի մասին շատ եմ գրել... Ես նրան սիրել եմ այնպես, ինչպես զավակը սիրում է իր մորը...» — սա էր Բակունցի վերաբերմունքը Գորիսի հանդեպ։
Գորիսն առանց Բակունցի և Բակունցն առանց Գորիսի անհնար է պատկերացնել. նրանք միաձուլվել են՝ դառնալով հայ մշակույթի ամենակայուն սիմվոլներից մեկը։