Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Նատալյա Բաղդասարյան
Հայ դերասանուհի Նատալյա Բաղդասարյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 19-ին Հայկական ԽՍՀ Ղափանի շրջանի Եղվարդ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ): 1972 թվականին տեղափոխվել է Կապան քաղաք և ավարտել տեղի թիվ 27 (այժմ՝ թիվ 5) միջնակարգ դպրոցը: Արդեն 1973 թվականից դարձել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի սկսնակ դերասանուհի:
1975–1978 թվականներին սովորել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժնում: Ուսումնառությունից հետո՝ մինչև 1980 թվականը, շարունակել է աշխատել Կապանի դրամատիկական թատրոնում: Այնուհետև, 1980–1983 թվականներին աշխատել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: 1983 թվականին վերադարձել է Կապան և նույն թվականից առ այսօր իր աշխատանքային գործունեությունն է ծավալում Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Իր ստեղծագործական ու թատերական բեղուն գործունեության ընթացքում Նատալյա Բաղդասարյանը կերտել է բազմաթիվ հիշարժան դերեր: Նրա մարմնավորած կերպարներից են՝ Կլարիչեն (Կ. Գոլդոնի), Մարգարիտն ու Նատաշան (Ալեքսանդր Շիրվանզադե), Լեդի Մակբեթը (Ուիլյամ Շեքսպիր), Կեկելը (Գաբրիել Սունդուկյան), Անուշը (Հակոբ Պարոնյան), Մարթա-Իզաբելլան (Ա. Կասոնա), Լիդան (Ա. Սուխովո-Կոբիլինի), Շմելիտեն (Ռ. Կաշաուսկաս) և Աշխենը (Ժորա Հարությունյան):
Վաստակաշատ դերասանուհու գործունեությունը բարձր է գնահատվել պետական և մասնագիտական մակարդակներում: Նրան շնորհվել են Մովսես Խորենացու մեդալ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, «Լոռի 2008» փառատոնի «Լավագույն կին դերակատար» մրցանակ, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, Սյունիքի մարզպետի և ՀԹԳՄ (Հայաստանի թատերական գործիչների միություն) պատվոգրեր: