Նժդեհին նվիրված ցուցադրություն Սիսիանի պատմության թանգարանում

· Սիսիան

Նժդեհին նվիրված ցուցադրություն Սիսիանի պատմության թանգարանում

Լրացել է Գարեգին Նժդեհի 140-ամյակը։  Նշանավոր տարեդարձի առթիվ մայր հայրենիքում և սփյուռքում ոգեկոչում են մեծ հայի հիշատակը, կազմակերպում բազմաբնույթ միջոցառումներ։
Ահավասիկ, Սիսիանի Ն․ Ադոնցի անվան պատմության թանգարանում բացվեց ռազմական և պետական գործչին նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ Առաջին անգամ ներկայացված են մեծ զորապետի և քաղաքական գործչի բանտային հագուստը և ձիու թամբը՝ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից, ինչպես նաև մասնավոր հավաքածուից ձեռք բերած թուրը, գրասեղանն ու գրենական պիտույքները։ Ցուցադրանքում արխիվային լուսանկարներ են և նամակներ, պատմական վավերագրեր, բանտային գրառումներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս Գարեգին Նժդեհի կյանքի և գործունեության տարբեր փուլերի մասին։
Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ցուցադրանքի բացումը։ «Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» մասնաճյուղի ղեկավար Հասմիկ Գրիգորյանը նախ երախտագիտություն հայտնեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանին և մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանին։ Նրանց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել ցուցադրությունը, որն այցելուներ ապահովելու դեպքում  կտևի մինչև հաջորդ տարվա ամառը։
«Նժդեհն ուներ երկու հենարան՝ Աստված ու հայրենիք։ Ինքն էլ ընտրել է իր անունը՝ Նժդեհ, որ կնշանակի պանդուխտ, աստանդական, թափառող մարդ, ում հոգին դեգերում էր ամենուր՝ հանուն այն բոլոր նպատակների, որոնք տանում են դեպի արդարություն և արդարամտություն։ Մաղթում եմ, որ Նժդեհյան ոգին ավիշի  նման լցվի մեր զորավոր ազգի երակների մեջ, մեր զինվորներն ամրակուռ լինեն։ Ուզում եմ, որ Նժդեհի պատկերացրած Հայաստանն ունենա ամուր սահմաններ», - բացման խոսքում ասաց Հասմիկ Գրիգորյանը։
Օրվա բանախոսը «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն էր, ով նախ իր խոսքի սկզբում փոքր-ինչ շեղվեց օրվա թեմայից, երախտագիտություն հայտնելով Անի Ավետիսյանին՝ Շաքի գյուղից, ով սյունեցի տիկնոջը վայել քաջությամբ վնասազերծեց մեր երկիր ներխուժած ադրբեջանցուն՝ փրկելով նաև իր երեխաների կյանքը։
Անդրադառնալով Նժդեհի գործունեությանը՝ նշեց, որ  ռազմագետ ու զորավար Նժդեհի կողքին, պիտի ներկայացնել փիլիսոփա և բանաստեղծ Նժդեհին։ Եվ մեծ հայի կերպարը ներկայացրեց մշակութային տիրույթում։ Նախևառաջ շեշտելով այն հանգամանքը, թե երբ 1920-21 թթ․ հունիս-հուլիս ամիսներին Սյունիքը մտավ Հայաստանի Հանրապետության կազմի մեջ, դա բացառապես Նժդեհի գործունեության արդյունքն էր։
Նժդեհի կերպարն անդրադարձներ է ունեցել գրականության մեջ։ Այս համատեքստում բանախոսը հիշատակեց Սերո Խանզադյանին։ Առաջիններից մեկը նա գրականություն բերեց մեծ հային՝ իր «Նժդեհ» վեպով, որը լույս ընծայվեց 1993 թվականին։ Ճիշտ է, Խանզադյանի այս ստեղծագործությունը գեղարվեստական արժանիքներով զիջում է մյուս լայնակտավ գործերին, ասենք, «Թագուհին հայոց» և  «Մխիթար սպարապետ» պատմավեպերին, բայց արցախյան շարժման օրերին նման մի գործ անհրաժեշտ էր՝ մարդկանց ոգին բարձրացնելու, Արցախը փրկելու գործում նրանց ոգեշնչելու համար։ Այդ վեպով գրողը Նժդեհի կերպարի համար պատուհան բացեց դեպի գրականություն։
Նժդեհապատումի շարքից Ս․ Ալեքսանյանը հաջորդը հիշատակեց Արման Ամրիկյանի «Սպիտակ արծիվը» վիպակը, որն արտացոլում է Նժդեհի Բալկանյան պատերազմների շրջանը։
Հաջորդիվ անդրադարձ եղավ Նժդեհի կերպարի արտացոլումներին կինոարվեստում, մասնավորապես «Զանգեզուր» կինոնկարին։ Ցավոք, դրանում Նժդեհը չի ներկայացվել հավուր պատշաճի, եթե չասենք, նրա կերպարը նսեմացվել է։ Ֆիլմի արժանիքն այն է, որ նրանում ընդգրկված են ժամանակի լավագույն դերասաններ, կինոնկարի երաժշտությունը գրել է մեծանուն Արամ Խաչատրյանը, հաջողված  և կոլորիտային են մասսայական տեսարանները։
Նժդեհի կերպարը կինոյում փորձեցին մարմնավորել նաև մեր օրերում, բայց ֆիլմն ավելի քան բացասական արձագանքներ ունեցավ, քան դրական։ Այնպես որ նժդեհյան կինոպատումի էջը տակավին փակված չէ․․․
Ինչևէ, ելույթներից հետո թանգարանի այցելուները ծանոթացան ցուցադրանքին, որ իր տեսակով աննախադեպ է Սիսիանում։
 
Վահրամ Օրբելյան