Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցեն

· Սյունիքի Մարզ

Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցեն

Հայաստանում երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ։

«Նրանց համաձայնությունը ստանալուց հետո մենք կկարողանանք տեսակցել նրան», - «Ազատությանը» հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am—ին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։