Անտանելի ցավեր ունեմ, ամբողջ օրը ցավազրկող են ներարկում. Անի Ավետիսյան

· Սյունիքի Մարզ

Անտանելի ցավեր ունեմ, ամբողջ օրը ցավազրկող են ներարկում. Անի Ավետիսյան

«Անտանելի ցավեր ունեմ, չեմ կարողանում ոչ մի բառ խոսել, անընդհատ հիշում եմ, սթրեսի եմ ենթարկվում, երեխեքս ահավոր հոգեվիճակում են»: Այս մասւն 24News-ի հետ զրույցում պատմել ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված սիսիանցի Անի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ցավերն այնքան ուժգին են, որ երբեմն անգամ չի կարողանում ոտքը շարժել։ Անի Ավետիսյանն ասաց, որ ողջ օրվա ընթացքում ցավազրկողներ են ներարկում, սակայն ցավերը չեն դադարում։ Այսօր, նրա խոսքով, անգամ հաց ուտել չի կարողացել։

Անի Ավետիսյանը նշեց, որ իրեն հաճախ են այցելում ինչպես սովորական քաղաքացիներ, այնպես էլ քաղաքական գործիչներ։ Ինչ վերաբերում է դեպքի մանրամասներին՝ Անիի խոսքով՝ արդեն ամեն ինչ պատմել է, ավելացնելու ոչինչ չունի։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևին։

Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ երկու երեխաները։

Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հինգ հոդվածների հատկանիշներով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։

Հասմիկ Անտոնյան