Սյունյաց պատմություններ- Սյունիք-Արցախյան ազգային տարազ

· Սյունիքի Մարզ

Սյունյաց պատմություններ- Սյունիք-Արցախյան ազգային տարազ

Սյունիք-Արցախյան ազգային տարազը հայկական ազգային տարազի բաղկացուցիչ մասերից մեկն է, որը պահպանվել է մինչև 20-րդ դարի վերջ և ուներ տարածման լայն շրջան՝ ընդգրկելով Սյունյաց և Արցախի լեռնային գոտիները: Թուրանական արշավանքների ժամանակ լեռնային այդ դժվարամատչելի նահանգները՝ Արցախն ու Սյունյաց աշխարհը, պահել են իրենց գոյությունը որպես հարկատու իշխանություններ, իսկ պարսկական տիրապետության ժամանակաշրջանում էլ նրանք կառավարվել են կիսաանկախ, հարկատու մելիքներով: Ամբողջ տարածաշրջանը հնագույն ժամանակներից ի վեր ունեցել է գրեթե միևնույն ազգային տարազը. 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը մեկուսացված լինելու հետևանքով Սյունիք-Արցախի տարազը երկար և անաղարտ է պահպանել իր ինքնությունը:

Այստեղ հագուստի հումք են հանդիսացել ինչպես ներմուծված ֆաբրիկային, այնպես էլ տնայնագործական գործվածքները:

​Սյունիք-Արցախում գոյություն ուներ կանացի տարազի երկու համալիր, որոնք անվանվում էին հայավարի և քաղքավարի: Հայավարին տարածաշրջանին հատուկ ավանդական տարազն էր, իսկ քաղքավարին՝ Երևանի և Թիֆլիսի հայ կանանց տարազի որոշ մասերի ընդօրինակված տարբերակը, որը հիմնականում արտահայտված էր գլխի հարդարանքի ձևերում, և ներմուծված լինելով` շուտ էլ դուրս է եկել գործածությունից: Տեղական ավանդական համալիրը բաղկացած էր տակի և վրայի շապիկից, փոխանից, պարեգոտուց (իրեքփշկանի, խլըղ, ղաբա), գոտուց և քուլքից (ձմռանը):

Տակի շապիկը կարվում էր սպիտակ գույնի կտավից և ի տարբերություն վրայի շապիկի վզի և կրծքի բացվածքները չէր զարդարվում: Վրայի շապիկը կարվում էր կարմիր գույնի կտավից կամ մետաքսյա կտորից, իսկ վզի և կրծքի բացվածքը զարդարվում էր 2 սանտիմետր լայնություն ունեցող սև գույնի թավշյա կտորի ժապավենով: Փոխանը կարվում էր մետաքսյա կամ բամբակյա կարմիր կտորից, ուներ սպիտակ աստառ: Պարեգոտը կամ իրեքփշկանին, որի անվանումը ամենից ավելի է համապատասխանում զգեստին, քանի որ փեշը հենց երեք մասից էր բաղկացած, կարվում էր հիմնականում մուգ կանաչ, ինչպես նաև կապույտ կամ մանուշակագույն բամբակյա կամ մետաքսյա կտորից: Տարածված էր իրեքփշկանիի չորս տարբերակ, որոնք տարբերվում էին ձևվածքով, թևերի երկարությամբ և զարդարման եղանակով: Գոտին պատրաստվում էր բամբակյա կամ մետաքսյա կտորից, ուներ 0,5 մետր լայնություն և 3,5 մետր երկարություն, որը փաթաթվում էր իրեքփշկանիի վրայից, հանգուցվում և ծայրերը մտցվում փաթաթածի տակ:

Գործածական էր նաև կաշվե գոտին, որը զարդարվում էր արծաթյա փորագրված զարդատախտակներով: Քուլքը կարվում էր մուգ կարմիր թավշից կամ բրդյա կտորից, ուներ բամբակյա ներդիր և աստառ, վրայից շուլալակարվում էր զուգահեռ գծերով, իսկ թևերը կարճ էին՝երիզված կանաչ մետաքսյա երկտակ ծալված նեղ շերտով (քյոբա) և աղվեսի մորթիով:

​Սյունիք-Արցախյան կանանց զգեստի հետ գործածվող գլխի հարդարանքը բարդ էր և բաղկացած մի քանի մասերից: Մազերը սանրվում էր ճակատից դեպի գագաթ՝ հերագծով բաժանվելով երկու մասի, քունքերի մոտ թողնելով մեկական ոլորած փունջ: Նախ կապվում էր սպիտակ կտավե եռանկյունաձև գլխաշոր, դրվում էր կոպին, որը կոշտ միջուկով, թավշյա կամ բամբակյա հասարակ կտորով պատված շրջանակ էր և զարդարված էր ճակատազարդ-դրամաշարով, որի կենտրոնում տեղադրվում էր մի մեծ դրամ-միջանոց: Դրամները մեծ մասամբ արծաթյա էին, հարուստ խավինը՝ ոսկյա: Այն գլխին ամուր պահելու համար կապվում էր երկրորդ կտավե սպիտակ գլխաշորը, իսկ գլխի հարդարանքի կարևոր մաս էր քունքազարդը, որը արծաթյա էր: Կանացի գլխի հարդարանքը կարևոր նշանակություն ուներ, այն համարվում էր ընտանիքի բարեկեցության խորհրդանիշը: Սրբավայր այցելած կանայք կամ աղջիկները գլխաշոր էին նվիրում որպես ծածկոց սուրբ գրքի, սեղանի կամ խորանի զարդարման համար: Հագուստի անբաժան մաս էր կազմում գուլպան, որը գործում էին կանայք և շատ հարուստ էր զարդանախշերով: Վրայից հագնում էին կանաչ, ծայրը սուր՝ վեր գցված ոտնամանը (չմոշկ), որը 20-րդ դարի սկզբին իր տեղը զիջեց սև կամ շագանակագույն չստերին (ձմռանը՝ փակ կոշիկներին, որը կոշկաթելի միջոցով ամրացվում էր ոտքին):

​Սյունիքում և Արցախում տղամարդկանց հագուստը նույնատիպ էր՝ հիմնականում կովկասյան, որը բաղկացած էր շապիկից, վարտիքից, անդրավարտիքից, արխալուղից, չուխայից և գոտուց: Շապիկը կարվում էր սպիտակ կտավից, ուներ աջակողմյան կրծքի բացվածք, որը անրակի վրա կոճկվում էր մեկ կոճակով: Վարտիքը նույնպես սպիտակ կտավից էր, իսկ անդրավարտիքը կարում էին բրդյա տնայնագործական կտորից, ընդ որում երկուսն էլ կապվում էին խոնջանի կապով: Արխալուղը կարվում էր բրդյա կամ բամբակյա սև կտորից, իսկ չունևորները կարում էին շալից: Տարեց տղամարդկանց մոտ արխալուղի երկարությունը հասնում էր ծնկների տակ, երիտասարդների մոտ՝ մինչև ծնկները: Տարբեր էր նաև կոճկելու ձևերը. տարեցների մոտ այն կոճկվում էր երեք կոճակով և սև տրեզից կարված օղակով, իսկ երիտասարդների մոտ կոճկվում էր վերից վար ամբողջ կրծքամասում՝ մինչև գոտկատեղ: Արխալուղի վրայից կապում էին արծաթյա ճարմանդներով կաշվե կամ արծաթյա գոտի, որը հիմնականում նվեր էին ստանում ամուսնության օրը հարսի ծնողներից: Վրայից հագնում էին չուխա վերարկուն, որի օձիքը կանգուն էր, թևքաբերանը՝ ճեղքով և կոճկվում էր երեք օղակ-կոճակներով: Կար նաև չուխայի մեկ այլ տարբերակ, որի թևերը երկար էին, թևքաբերանները՝ սրածայր, առանց թևատակի կարերի. այն կարվում էր սև մահուդից, եզրերը՝ սև մետաքսից գործված տրեզով: Փեսայի հարսանեկան չուխան կարվում էր կարմիր մահուդից, որը նաև տոնական օրերի համար էր:

​Տղամարդկանց գլխի հարդարանքը գառան կամ ոչխարի մորթուց էր. տարեցները կրում էին երկար կոնաձև գլխարկ, իսկ երիտասարդները և երեխաները կրում էին թեթև շրջանաձև գագաթով գառան մորթուց գլխարկներ: Անդրավարտիքի փողքերը հավաքվում էին փաթաթանի տակ, որը հյուսված էր բամբակյա թելերից՝ քթանից: Սա փաթաթվում էր ոտնաթաթից՝ավարտվելով ծնկի տակ և կապվում ծայրերին ամրացված կապիչներով: Տարածված էր տրեխների երեք քթանի տեսակը, որը կարվում էր եզան, կովի կամ գոմեշի կաշվից և հյուսվում կապույտ տրխատանով՝ բրդյա թելով: Նորափեսայի տրխատանը հյուսվում էր կարմիր բրդյա թելով և նվիրվում հարսի ծնողների կողմից՝ հարսանիքի օրը: