Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Շաքիում ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանն իր հայտարարությամբ, ըստ էության, բացահայտել է համակարգային ձախողման ևս մեկ կարևոր հանգամանք։ Մասնավորապես, վերջինս նշել է, որ երեխաների զանգից ու տանը զինված հանցագործի ներկայության մասին իմանալուց հետո զանգել է ոստիկանություն։
Ու թեև իր աշխատավայրը Շաքիի իր տնից ավելի հեռու է եղել, քան ոստիկանության բաժինը, սակայն ինքն ավելի շուտ է տեղ հասել։ Ավելին, ոստիկանությունը տեղ է հասել, երբ ամեն ինչ ավարտված է եղել, իսկ հանցագործը՝ հեռացած։
Սա ՆԳՆ աշխատանքի իրական բնութագիրն է, համակարգի խափանման դրսևորումը, հատկապես, երբ դրանից առաջ արդեն իսկ ուժային համակարգը տիրապետել է ադրբեջանցու սահմանահատման մասին տեղեկատվությանը։
Եվս մեկ անգամ նշեմ. որքան էլ իշխանությունը փորձի այս միջադեպի ձայնը խլացնել, թեման սրբագրել, մեկ է՝ դրանից արձանագրված տապալումները չեն վերանա»։