Դեռ մեքենա չնստած՝ զանգել էի ոստիկանություն, բայց ոստիկանները եկան, երբ ամեն ինչ ավարտվել էր. ողբերգական օրվա մանրամասներն է պատմում Անի Ավետիսյանը

· Սյունիքի Մարզ

Դեռ մեքենա չնստած՝ զանգել էի ոստիկանություն, բայց ոստիկանները եկան, երբ ամեն ինչ ավարտվել էր. ողբերգական օրվա մանրամասներն է պատմում Անի Ավետիսյանը

«Երբ մտա տուն, զենքը պահած էր երեխաների վրա»։ Այս մասին NEWS.am–ին պատմել է Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը։

«Մենք գործի տեղն էինք, երբ աղջիկս զանգեց, ասաց՝ մամա տուն եմ հասել, դարպասը փակ էր, մտել են հայաթ, տեսել են պատուհանը ջարդած, հետո մտել են ներս, տեսել են, հաց է դրած, հաց է կերած, հետո այդ պահին աղջիկս գոռացել է՝ ձեռք մի տվեք, հետո կապը ընդհատվել է, դրանից հետո ես հելել եմ, ամուսնուս ասել եմ՝ ինչքան կարաս արագ քշի, տունը մարդ կա։ Մինչեւ մեքենա նստելն էլ զանգել եմ ոստիկանություն։

Հարևանի դռնով մտել եմ, տեսել եմ, երեխեքս սառած պատին, զենքը պահած վրեքն էր։ Գոռացին՝ մաման առաջ մի արի, առաջ գնացի ու տեսա զենքը երեխեքի վրա։ Մի հատ կրակեց ինձ չկպավ, մի հատ էլ երեխաս մոտիկը եկավ առաջ, տղուս վրա պահեց, որ կրակի, այդ պահին ձեռքով պահել եմ, ձեռքս վնասվեց, հետո ինձ քաշել, գցել է մահճակալին։ Այդ պահին ինձ հարվածել է, այդ պահին եմ ես իրեն դանակով խփել, հետո տղաս է եկել օգնության, ձեռքերով խփել է, մի քիչ ինքը թուլացավ այդ պահին, ես գոռացի աղջկաս` գնա, դարպասը բացի, հետո որ հելա կանգնեցի, այդ պահին պահեց դոշիս, որ կրակի, երկու ձեռքով իջեցրել եմ, կպել է ոտիս, այդ պահին արդեն որ ընկել եմ գետին, նայեմ, տեսնեմ՝ նորից պահել է վրես, որ ինձ խփի, բայց մեջը չկար, նորից էր ուզում էր լիցքավորեր, հետո տեսնեմ՝ փախավ»,– այդ օրվա մանրամասներն է պատմել Անին։

Ծանր վնասվածքներ ստացած կնոջ խոսքով՝ ոստիկանները եկել են, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր, եւ ավելին՝ մոտ 5 րոպե էլ անցել էր. «Ես մեքենան նստելուց առաջ եմ զանգել ոստիկանություն, բայց էս ամենն ավարտվել է, մորաքույրս եկել հասել է, հինգ րոպե անցել է, ես էդպես պառկած մնացել եմ, մինչեւ եկել են ոստիկանները»։

Երեք երեխաների մայրը վերակենդանացման բաժանմունքում է իմացել, որ իրենց տուն ադրբեջանցի էր մտել, եւ նա է կրակել իր վրա։

«Մեզ չէին էլ զգուշացրել, որ ադրբեջանցի է ներթափանցել Հայաստան, ես եթե իմանայի, երեխաներիս կասեի, որ սպասեին, դպրոցից մենակ չգային։ Նա ձայն չի հանել, ես էստեղ ռեանիմացիայում եմ իմացել, որ նա ադրբեջանցի է»,– ասել է Անին։