Բացահայտիր Սյունիքը-Փոքր թաղ

· Մեղրի

Բացահայտիր Սյունիքը-Փոքր թաղ

Փոքր թաղ՝ պատմական բնակելի թաղամաս Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում, Մեղրագետի աջափնյա լանջին։ Այն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։

​Փոքր թաղը գտնվում է Մեղրու Մեծ թաղի դիմաց։ Կառուցապատումը հարմարեցված է լեռնալանջի ռելիեֆին, որտեղ ստորին մակարդակներում գտնվող տների տանիքները ծառայում են որպես վերևի տների բակեր։ Թաղամասին բնորոշ են նեղ փողոցները, աստիճանները և ավանդական պատշգամբները։ Տներում պահպանվել են փայտե, վանդակավոր ու կամարաձև պատուհաններ, փայտե առաստաղներ և զարդարված վառարաններ։

​Պետական ցուցակում ընդգրկված բնակելի տները հիմնականում թվագրված են 19-րդ դարով և 20-րդ դարի սկզբով, որոնց թվում են միհարկղ, երկհարկ և եռահարկ շենքեր։ Մեջլումյան փողոցում պահպանվել է Կարապետ Մեջլումյանի՝ 19-րդ դարի սկզբի երկհարկ տունը։

​Պահպանություն և վերականգնում

Հայաստանի կառավարությունը 2005 թվականի դեկտեմբերի 29-ի № 2322-Ն որոշմամբ Փոքր թաղը ներառել է Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

2004–2008 թվականներին «Իզմիրյան» հիմնադրամը Մեղրիում իրականացրել է մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագիր, որի շրջանակում վերականգնել և հյուրատան է վերածել Փոքր թաղի 19-րդ դարի բնակելի տներից մեկը, ինչպես նաև իրականացվել է ավանդական ասեղնագործության և գորգագործության զարգացման ծրագիր։

2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն ավարտել է «Մեղրի քաղաքի Փոքր թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում» ենթածրագիրը, որի շրջանակում վերուցվել են տեղեկատվական կենտրոնը, Մեջլումյան և Վազանց փողոցները, մինչդեռ բնակիչների մասնավոր տների վերականգնման աշխատանքներ այդ ենթածրագրով չեն իրականացվել։

​Սուրբ Սարգիս եկեղեցի

Փոքր թաղում է գտնվում 17-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը եռանավ բազիլիկ է՝ 17-րդ դարի որմնանկարներով։

Եկեղեցու հարավային կողմում պահպանվել են գավիթ-սրահի հիմքերը, իսկ հուշարձանախմբի կազմում ընդգրկված են նաև խաչքարեր, տնտեսական շինություն և պարսպի մնացորդներ։

​Տեղակայումը.

Հայաստան Սյունիքի մարզ Մեղրի

Կոորդինատներ 40°10′46″N 44°32′34″E