Բացահայտիր Սյունիքը-«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոց

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոց

Կառավարության 2024 թվականի որոշմամբ հիմնադրվել է «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցը, որը տեղակայված է Սյունիքի մարզի Գորիս համայնքում՝ քաղաքից հարավ-արևելք ընկած լեռնահովտում: Այս բնակավայրի տարածքը կտրտված է ձորահովիտներով և գտնվում է ժամանակակից Խնձորեսկի հյուսիսարևելյան հատվածում:

​Վաղնջական բնակավայրն իր կառուցվածքով բաժանված է եղել Մեծ և Փոքր թաղերի, որոնք էլ իրենց հերթին կազմված են եղել ավելի փոքր թաղամասերից։ Սկզբնական շրջանում այստեղ գերիշխել են բնակելի քարանձավները, որոնք փորված են եղել ինչպես առանձին ժայռաբեկորների ներսում, այնպես էլ տարբեր բարձրությունների վրա ձգվող ժայռային զանգվածներում։ Մինչև 20 մետր բարձրության վրա գտնվող այս քարայրեր բնակիչները բարձրացել են պարանների օգնությամբ, ինչը փաստում է բնակչության բարձր հնարամտության և պաշտպանական հմտությունների մասին։ Հետագայում քարայրային այս համակարգը համալրվել է մինչև եռահարկ քարաշեն շինություններով: Լեռնալանջին դարավանդներով կառուցված տները միասին ստեղծել են բազմահարկ բնակավայրի տպավորություն, ինչը չափազանց արդյունավետ և խտացված լուծում էր տվյալ տեղանքի համար:

​Հուշարձանների շարքում առանձնահատուկ տեղ ունի Խնձորեսկի բերդը, որի դժվարամատչելի քարանձավային համալիրը 1728–1730 թվականներին ծառայել է որպես Մխիթար Սպարապետի զորանոց։ Գյուղատեղիում նախկինում գործել է չորս եկեղեցի, որոնցից մինչ օրս պահպանվել են XVII դարի Սուրբ Հռիփսիմե եռանավ բազիլիկը և XVII–XVIII դարերի Սուրբ Թադևոս միանավ եկեղեցին։ Միջնադարում ձեռագրական արվեստի կարևոր կենտրոն հանդիսացած Անապատի եկեղեցին այժմ ավերված վիճակում է, սակայն նրա բակի տապանատանն է ամփոփված Մխիթար Սպարապետի աճյունը: Բնակատեղիի հարավարևելյան հատվածում կա նաև 9-10-րդ դարերին բնորոշ ժայռափոր եկեղեցի:

​Պատմիչ Ստեփանոս Օրբելյանն իր «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ արժեքավոր տեղեկություններ է թողել Խնձորեսկի մասին՝ նշելով, որ այն Տաթևի վանքին վճարել է 10 միավոր հարկ: Տեղի բնակիչները զբաղվել են զանազան արհեստներով, ընդ որում՝ տեղացի դարբինները, պայտագործները, որմնադիրները, զինագործներն ու գորգագործներն իրենց հմտությունները կիրառել են նաև հարևան բնակավայրերում:

​Ժամանակին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի խոշորագույն գյուղերից մեկը: 20-րդ դարի սկզբին այստեղ ապրել է շուրջ 8300 մարդ, գործել են 7 դպրոց և 27 խանութ, ինչը վկայում է գյուղի բարձր սոցիալ-տնտեսական զարգացման մասին։ Բնակավայրը նաև կարևոր ռազմաքաղաքական հենակետ է եղել և ակտիվորեն մասնակցել Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարին: 1950-ական թվականներին նոր գյուղի հիմնումը որոշակիորեն վնասել է հին պատմամշակութային միջավայրին, սակայն մնացած շերտերն ու հուշարձանները շարունակում են մնալ որպես տարածքի հարուստ անցյալի կարևոր վկայություններ:

​2012 թվականին շահագործման է հանձնվել Հին Խնձորեսկի երկու ձորափերըր կապող ճոճվող հետիոտնային կամուրջը: Այն ունի 160 մետր երկարություն և մոտ 63 մետր առավելագույն բարձրություն, ներկայացնում է եզակի ինժեներական լուծում և հանդիսանում է զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը:

​Տեղակայումը և Կոորդինատները՝

Տեղակայումը. Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Հին Խնձորեսկ գյուղատեղի (Գորիսից հարավ-արևելք)

Կոորդինատներ՝ 39°30'44"N 46°26'01"E