Շաքիի դեպքը՝ ԱԺ արտահերթ քննարկման օրակարգում․ ի՞նչ են արել ուժային կառույցները. ArmLur

· Սյունիքի Մարզ

Շաքիի դեպքը՝ ԱԺ արտահերթ քննարկման օրակարգում․ ի՞նչ են արել ուժային կառույցները. ArmLur

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված արտահերթ քննարկման առանցքում Շաքիի աղմկահարույց դեպքն է։

Ընդդիմության նախաձեռնությամբ բարձրացվում է հարցը, թե ինչ գործողություններ են իրականացրել պետական կառույցները՝ ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք հնարավոր ներթափանցման մասին տեղեկություն ստանալուց հետո։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը ներխուժել էր բնակելի տուն և կրակոցներ արձակել։ Վիրավորվել էր տան բնակիչը, իսկ նրա երկու անչափահաս երեխաները նույնպես մարմնական վնասվածքներ էին ստացել։ Զինծառայողը հետագայում հայտնաբերվել և ձերբակալվել էր։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ։

Սակայն դեպքի հետևանքներից բացի, հանրային և քաղաքական քննարկման կենտրոնում հայտնվել է մեկ այլ՝ շատ ավելի սկզբունքային հարց. ինչպե՞ս կարող էր զինված ադրբեջանցի զինծառայողը հայտնվել Հայաստանի տարածքում, հասնել բնակավայր, ներխուժել քաղաքացու տուն, և արդյոք հնարավոր էր կանխել այս դեպքը:

Արտահերթ քննարկման շրջանակում առանձնակի կարևորություն ունեն պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և տեղական իշխանությունների գործողությունները։

ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը տեղեկացրել էր իր զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հնարավորությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել էին որոնողական աշխատանքներ։

Այս հանգամանքը մի շարք հարցեր է առաջացնում. եթե հայկական կողմը սեպտեմբերի 29-ից արդեն տեղեկացված էր հնարավոր վտանգի մասին, ի՞նչ միջոցառումներ էին ձեռնարկվել սահմանային հատվածներում, ինչպե՞ս էին համակարգվել որոնողական աշխատանքները, և ինչո՞ւ զինծառայողը հայտնաբերվեց միայն Շաքիում տեղի ունեցած միջադեպից հետո։

Սոնա Գրիգորյան