Բացահայտիր Սյունիքը-Շրվենանցի Սուրբ Սարգիս եկեղեցին

Կապան քաղաքից շուրջ 7 կիլոմետր դեպի հյուսիս, անտառապատ լեռնալանջին է գտնվում պատմական Շրվենանց գյուղը։
Գյուղում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին՝ խոնարհված վիճակում։ Այն փոքրիկ ուղղանկյուն, թաղակապ շինություն է, որին վերանորոգման ընթացքում արտաքինից կից սենյակ է ավելացվել։ 1970-ական թվականներին գյուղ այցելած հուշարձանագետ Սուրեն Սարումյանի կողմից եկեղեցու ներսում՝ աջակողմյան պատին ագուցված քարի վրա, հայտնաբերվել և վերծանվել է հետևյալ արձանագրությունը. «ԹՎՒԻՆ ՆԾԲ (1003) ԴԱՒԻԹ ԵՐԷՑ ՓՈԽԵԱԼ ԽԱՉԻՍ», որը վկայում է եկեղեցու կառուցման տարեթվի մասին։
Ամենայն հավանականությամբ եկեղեցին կառուցվել է Դավիթ Երեցի կողմից, որի տապանաքարը գտնվում է եկեղեցու դռան ձախակողմյան հատվածում։
Կից կառույցի ներսի պատերին ագուցված են վաղ միջնադարյան խաչապատկերներով քարաբեկորներ։ Մի անկյունում տեղադրված է մանկան մկրտության ավազանը։ Ներսում՝ բուն եկեղեցում, փոքրիկ բեմի վրա տեղադրված են տարբեր ժամանակներով թվագրվող մի քանի խաչքար։ Եկեղեցու լուսամուտներից մեկն ունի ուղղանկյուն փորվածքով անցք։ Քարի վրա՝ դրսի կողմից, հստակ երևում են վաղ շրջանում արված շրջանաձև փորագրություններ։
Եկեղեցու մուտքի աջ և ձախ մասերում են գտնվում վանահայրերի մահարձանները։ Դրանցից մեկը տեղադրված է մեծ բարերար Գասպար Տեր Մարգարյանի հոր՝ վանահայր Հովհաննես Տեր Մարգարյանի հիշատակին։ Տապանաքարի ստորին մասում հետաքրքիր պատկերաքանդակներ են։ Եկեղեցու շրջակայքը լի է վաղ շրջանի խոշոր մահարձաններով, որոնց վրա չկան գրություններ։
Տեղակայումը՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գ. Շրվենանց
Կոորդինատները՝ 39.2833, 46.3914
Նյութը` syuniacyerkir. am-ի