Ճանաչենք Սյունիքի մարզի հերոսներին- Արմեն Բեգլարյան
Արմեն Մինասի Բեգլարյանը ծնվել է 1973 թվականի ապրիլի 13-ին Սիսիանի Ախլաթյան գյուղում: Նա ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս է:
Գյուղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: 1990-1991 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, իսկ 1992 թվականին, կիսատ թողնելով ուսումը, մեկնել է Արցախ, մասնակցել Հադրութի և Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին, այնուհետև անդամակցել «Սիսական» ջոկատին:
Պատերազմի ավարտից հետո զբաղվել է մենատնտեսությամբ: 2005-2008 թվականներին և 2012 թվականից մինչև 2016 թվականի ապրիլի 4-ը եղել է Ախլաթյանի համայնքի ղեկավար: 2008-2012 թվականներին աշխատել է Տոլորսի ջրամբարի պատնեշի պահպանության և հսկողության տեղամասում:
2016 թվականի ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականների ջոկատի կազմում մեկնել է Արցախ: Ապրիլի 3-ի գիշերը լույս 4-ին Մարտակերտում ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել սահմանագծում: Հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի մեջ է եղել և մահացու վիրավորում է ստացել հերոս Արմեն Բեգլարյանը:
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 6-ին, իսկ հուղարկավորությունը՝ ապրիլի 7-ին Սիսիանի պանթեոնում: