Ճանաչենք Սյունիքի մարզի տաղանդավորներին-Սուսաննա Շահինյան

Սուսաննա Հովհաննեսի Շահինյանը ծնվել է 1951 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում: 3 տարեկան հասակից բնակվում է Երևանում, որտեղ ավարտել է Շ. Ռուսթավելու անվան թիվ 23 միջնակարգ դպրոցը: 1968-1974 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Իրանի պատմություն բաժնում: 1972 թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար:
Վարել է բազմաթիվ մանկական, երաժշտական, լրատվական, հասարակական հաղորդումներ՝ «Համայնապատկեր», «Լրաբեր», «Երաժշտական հանդիպումներ», «Շնորհալիները», «Երաժշտական փոստարկղ» և այլն: Հայաստանի հեռուստաընկերության ծրագրերը ներկայացրել է ԽՍՀՄ տարբեր երկրներում: Եղել է բազմաթիվ տոնական, պետական, հոբելյանական երեկոների հանդիսավար:
1993-2004 թվականներին բնակվել է Հոլանդիայում, որտեղ ավարտել է հոլանդերենի բարձրագույն քոլեջը, այնուհետև սովորել տեղի ֆիլմերի և հեռուստատեսության ակադեմիայում: Ղեկավարել է Դորդրեխտ քաղաքի «Անի» հայկական համայնքի գեղարվեստական բաժինը և եղել է Ամստերդամի «Աբովյան» մշակութային կենտրոնի գլխավոր համակարգողն ու փոխտնօրենը: Մոտ 5 տարի աշխատել է որպես հոլանդերեն, հայերեն, ռուսերեն լեզուների պետական երդվյալ թարգմանիչ:
2004 թվականից վերադարձել է Երևան և Հայաստանի հանրային հեռուստաընկերության հրավերով շարունակել աշխատանքը: Վարում է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը: 2011 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2012 թվականին՝ Հայաստանի սփյուռքի նախարարության ոսկե մեդալի՝ մայրենի լեզվի մաքրությունը պահպանելու համար: