Ավտովթար՝ Սիսիանում․ վիրավոր ուղևորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

· Սիսիան

Ավտովթար՝ Սիսիանում․ վիրավոր ուղևորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 45-ամյա Ալիկ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 29-ամյա Վուրգ Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալիկ Հ․-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արևիկ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, որտեղից սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և դասակի հրամանատար Սարգիս Հակոբյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահիկ Դավթյանը և Էդգար Հակոբյանը։Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Հարությունյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։