Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ. factor.am

· Սյունիքի Մարզ

Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ. factor.am

Սյունիքում առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են լինելու։ Ուշագրավ պայքար է սպասվում հատկապես Գորիսում ու Մեղրիում։ Մարզի գործող համայնքապետերից մի քանիսի պաշտոնավարման ընթացքում արձանագրվել են շահերի բախման, համայնքային գնումների, քրեական վարույթների և դատական գործընթացների հետ կապված խնդիրներ։ Factor TV-ն ուսումնասիրել է Սյունիքի համայնքների գործող ղեկավարների քաղաքական ուղին, նրանց և ընտանիքների բիզնես կապերը, համայնքային գնումները, ինչպես նաև՝ պաշտոնավարման ընթացքում ծավալված իրավական գործընթացները։ Հայաստանի համայնքային քարտեզի վրա երևում է, որ Սյունիքը մեկն է այն երկու մարզերից, որտեղ այս պահին ավելի շատ են համայնքների ոչ ՔՊ-ական ղեկավարները։ Սակայն առաջիկա ընտրությունների արդյունքում հնարավոր վերադասավորումներից հետո իրավիճակը կարող է փոխվել։ Ընտրություններ են նախատեսված Սյունիքի համայնքներից 3-ում՝ Գորիսում, Կապանում և Մեղրիում։ Գորիսում և Մեղրիում՝ հոկտեմբերի 25-ին, Կապանում՝ նոյեմբերի 29-ին։ Գորիս Հոկտեմբերի 25-ին Գորիսի ավագանու ընտրությունների հիմնական քաղաքական ինտրիգներից մեկը գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի քաղաքական վերադիրքավորումն է։ Գորիսի ընտրությունների համատեքստում երկրորդ կարևոր դրվագն այն է, որ այս տարվա հունիսին կառավարության առաջարկով ԱԺ-ն Գորիսի կազմի մեջ է մտցրել նաև Տաթև և Տեղ համայնքները։ Այսինքն՝ Գորիսի հաջորդ ավագանին ու համայնքապետը ղեկավարելու են նաև այս երկու համայնքները՝ Գորիսի կազմում։ Առուշանյանի թիմը և «Քաղաքացիական պայմանագիրը» Գորիսի ընտրություններին մասնակցում են միասին՝ «Համերաշխություն» դաշինքով, որի ցուցակը գլխավորում է հենց Առուշանյանը։ Սեպտեմբերի 25-ին նա հայտարարել է, որ եթե չկիսեր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, ՔՊ-ի հետ կոալիցիա չէր կազմի։ Նա համագործակցությունը բացատրել էր վերջին տարիներին կառավարության և համայնքի միջև «կառուցողական հարաբերություններով»։ Դաշինքի հիմնական մրցակիցը «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» (նախկինում՝ Հայաքվե) կուսակցությունների ձևավորած «Ապրելու քվե» դաշինքն է։ Ուժի ընտրական ցուցակը գլխավորում է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Տեղի ավագանու անդամ 63-ամյա Արգամ Հովսեփյանը։ 2026 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ համայնքն ունի 27,536 ընտրող։ Infocom-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գորիսի համայնքապետի պաշոնում Առուշ Առուշանյանի թեկնածությանը։ ՏԻՄ ընտրությունների մասին խոսելիս նա բերել է ինչպես Գորիսի, այնպես էլ Ապարանի օրինակը։ «Այդ տեղերում մենք նախկինում ունեցել ենք շատ սուր քաղաքական հակադրություն, շատ սուր։ Եվ ի՞նչ է տեղի ունեցել 2021 թվականի ընտրություններին․ Գորիսի և Ապարանի ժողովուրդը բացարձակ մեծամասնությամբ գնացել և խորհրդարանական ընտրություններում ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Հետո, դրանից հետո տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, և երկու համայնքների ժողովուրդը գնացել են, բացարձակ մեծամասնությամբ ընտրել են ուրիշ կուսակցությունների, ուրիշ կուսակցությունների առաջնորդների։ ․․․Ի՞նչ են ասում այդ մարդիկ մեզ, ասում են․ «Լսե՛ք՝ մենք ձեր քաղաքական կողմնակիցներն ենք, բայց ՏԻՄ-ում մենք ուրիշ հայացք ունենք։ Մենք իրավունք ունե՞նք այդ հայացքն ունենալու, թե՞ չունենք այդ հայացքն ունենալու»»,-ասել է Փաշինյանը և այսպես բացատրել նախկինում քաղաքական հակառակորդներին իրենց ցուցակներով առաջադրելու գործընթացը։ Առուշանյանը 2017 թ. սեպտեմբերի 14-ին՝ 26 տարեկանում, վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ նշանակվել էր Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այդ ժամանակ նա ՀՀԿ անդամ էր և կուսակցության առաջադրած թեկնածուն։ Նույն տարվա նոյեմբերին կայացած ընտրություններում նա ստացել էր 12,945 ձայն և ընտրվել համայնքապետ․ նրա մրցակից Սամվել Հարությունյանը ստացել էր 56 ձայն։ Առուշանյանը շարունակեց ղեկավարել համայնքը նաև 2018-ի իշխանափոխությունից հետո, սակայն 2020 թվականի պատերազմից հետո նրա հարաբերությունները գործող իշխանության հետ կտրուկ սրվեցին։ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա ընդգրկված էր Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակում և հրապարակայնորեն քննադատում էր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Նույն տարվա Գորիսի ՏԻՄ ընտրություններին, գտնվելով կալանքի տակ, նա գլխավորեց իր անունը կրող դաշինքի ցուցակը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացավ ավագանու 13 մանդատ, ՔՊ-ն՝ 7, ՀԱԿ-ը՝ 1, և Առուշանյանը շարունակեց ղեկավարել համայնքը։ Առուշանյանի անունը կապվում է նաև քրեական գործերի հետ։ Դրանցից մեկով դատական գործընթացն ավարտվել է 2022 թվականին։ 2022 թ. մարտի 28-ի դատավճռով դատարանը նրան արդարացրեց ընտրական հանցագործության, ապօրինի ձեռնարկատիրության և ընդերքի օգտագործման հետ կապված որոշ մեղադրանքներով, սակայն մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնիրավչության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դրվագներով։ Դատարանը նաև 5 տարով զրկեց նրան ՏԻՄ մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Դատավճռի այդ մասը վերջնական ուժի մեջ մտնելուց հետո՝ 2024-ին, Պրոբացիայի ծառայությունը պահանջեց ապահովել պաշտոն զբաղեցնելու արգելքի կատարումը։ Սակայն Առուշանյանը հրաժարական չտվեց, իսկ Գորիսի ավագանին հայտարարեց, որ իրեն վերապահված չէ նրան այդ հիմքով պաշտոնանկ անելու լիազորություն։ Պրոբացիայի ծառայությունը դատարանից պահանջեց պաշտոն զբաղեցնելու արգելքը փոխարինել ազատազրկմամբ։ Այդ գործընթացը երկար շարունակվեց, բայց 2026 թ. սեպտեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց Գլխավոր դատախազության բողոքը։ Ուժի մեջ մնաց որոշումը, որով Պրոբացիայի ծառայության՝ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու միջնորդությունը մերժվել էր։ Այսինքն՝ այդ գործընթացի արդյունքում Առուշանյանը չազատազրկվեց։ Առուշանյանի վերաբերյալ մեկ այլ դեպքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025 թ. հոկտեմբերին եզրակացրել է, որ նա խախտել է հանրային պաշտոն զբաղեցնելու հետ կապված անհամատեղելիության պահանջները։ Խնդիրը կապված էր «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի հետ։ Առուշանյանը բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնել միայն 2025 թ. օգոստոսին, ընդ որում՝ կառավարիչը նրա մայրն է՝ Ասյա Ղազարյանը։ ԿԿՀ-ն այդ հանգամանքը ևս խնդրահարույց էր համարել։ Առուշանյանի ներկայացուցիչները պնդել էին, որ պաշտոնավարման ընթացքում նա ընկերության գործունեությամբ չի զբաղվել և շահաբաժին չի ստացել։ Նա 2025 թ. նոյեմբերին Վարչական դատարանում վիճարկել է ԿԿՀ եզրակացությունը։ Մեկ այլ դեպքով, 2024-ից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նաև Առուշանյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական գործը։ Դատախազությունը սկզբում մի շարք անշարժ գույքերի և ավելի քան 623 մլն դրամի դրամական պահանջներ էր ներկայացրել՝ 253.6 մլն և 370.1 մլն դրամ մասերով։ 2025-ին դատարանը անշարժ գույքերի մասով արձանագրել էր, որ պաշտոն ստանձնելուց առաջ ձեռք բերված գույքը չի կարող այդ հիմքով գնահատվել որպես ապօրինի ծագում ունեցող, իսկ 253.6 մլն և 370.1 մլն դրամի պահանջները առանձնացրել էր առանձին վարույթում։ 2026-ի մարտին «Հետքը» պարզել է, որ Գորիսի համայնքապետարանը 312 մլն դրամի պայմանագիր է կնքել «Բեսթ Ռոուդ» ՍՊԸ-ի հետ՝ Գորիսի մի շարք փողոցների հիմնանորոգման համար։ Բաց մրցույթին այլ մասնակից չի եղել։ Ընկերության 100% սեփականատեր Հայկ Բաղդասարյանը Առուշանյանի ազգականն է՝ նրա հորեղբոր թոռը։ Մեղրի Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանն այս տարվա սեպտեմբերի 10-ից կալանքի տակ է։ 2021 թ. հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին Անդրեասյանը գլխավորում էր Սամվել Բաբայանի հետ կապվող «Ազատական» կուսակցության ցուցակը։ Ինքը հետագայում պարզաբանել է, որ կուսակցության անդամ չի եղել, պարզապես ընտրություններին մասնակցել է այդ ցուցակով։ Ընտրություններից հետո «Հանրապետության» և «Ազատականի» ավագանու ներկայացուցիչները պայմանավորվեցին համայնքի ղեկավարումը բաժանել երկու մասի՝ առաջին 2.5 տարին համայնքը ղեկավարելու էր Բագրատ Զաքարյանը, հաջորդ 2.5 տարին՝ Խաչատուր Անդրեասյանը։ 2024-ի մայիսին Զաքարյանը, համաձայն պայմանավորվածության, հրաժարական է տվել, համայնքապետ է ընտրվել Անդրեասյանը։ Հետաքրքիր է, որ «Ազատական» կուսակցության կենտրոնական ղեկավարությունը հրապարակայնորեն հայտարարել էր, որ կուսակցությունը նման հուշագիր չի ստորագրել, մինչդեռ Մեղրիի ավագանու անդամները պնդել էին, որ որոշումն իրենցն է։ Համայնքապետարանի էջում նշվում է, որ Անդրեասյանը «Ազատական» կուսակցության անդամ է, սակայն ԿԿՀ ներկայացված հայտարարգրում նշվում է, որ նա ՔՊ-ի Մեղրիի ՏԿ խորհրդի նախագահն է։ 2026 թ. հուլիսին Զաքարյանը Հանրային ռադիոյին հայտնել էր, որ Մեղրիում իրականացված ծրագրերի, գնումների և բյուջետային միջոցների կառավարման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրա պնդմամբ՝ եղել են ֆինանսական կառավարման խնդիրներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական պարզաբանմամբ՝ քրեական վարույթը վերաբերում է առանց թույլտվության ընդերքի կամ բնական պաշարների օգտագործմանը և այդ նպատակով կաշառք տալու ու ստանալու դեպքերին։ Նույն վարույթում ևս վեց անձի նկատմամբ կիրառվել են կալանք կամ տնային կալանք։ Սեպտեմբերի 16-ին Անդրեասյանը կալանավայրից տարածած ուղերձում անդրադարձել է մեղադրանքին և հայտնել, որ շարունակում է մնալ ՔՊ անդամ։ Մեղրիում ընտրություններին մասնակցում են նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը և Շնորհապետական կուսակցությունը։ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Մեղրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբացության ղեկավար Արմեն Հայրապետյանը, Եվրոպական կուսակցությանը՝ Արշավիր Հովհաննիսյանը, իսկ Շնորհապետականի թեկնածուն Վլադիկ Գևորգյանն է։ 2026 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ համայնքն ունի 8301 ընտրող։ Կապան Գևորգ Փարսյանն առաջին անգամ Կապանի համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է 2018 թ. հոկտեմբերի 21-ի արտահերթ ՏԻՄ ընտրություններին որպես անկուսակցական թեկնածու։ Նրա հիմնական մրցակիցը ՔՊ-ի ներկայացուցիչ Նարեկ Բաբայանն էր։ Ըստ ընտրությունների արդյունքների՝ Փարսյանը ստացել էր մոտ 54.4% և ընտրվել համայնքի ղեկավար։ ՔՊ թեկնածուն պարտվել էր։ 2021-ի նոյեմբերի 14-ի ընտրություններին արդեն կիրառվում էր համամասնական ընտրակարգ։ Փարսյանը գլխավորում էր «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակը և հաղթեց նաև այդ ընտրություններում։ Նրա ընտանիքի հետ կապված է «Կապանի Նորոգշին» ՍՊԸ-ն։ Ինքը Փարսյանը 2024-ին հրապարակային պարզաբանման մեջ նշել է, որ ընկերության 100% բաժնետերը իր հայր Ռազմիկ Փարսյանն է, իսկ տնօրենը եղբայրն է՝ Գրիգոր Փարսյանը։ 2024-ին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ իրավապահները Կապանի համայնքապետարանից առգրավել են գնումների և սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ փաստաթղթեր։ Փարսյանը հաստատել էր, որ իրեն ներկայացվել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշում, և որ այն վերաբերում էր հրապարակային սակարկությունների կամ գնումների ընթացքում ենթադրյալ չարաշահումներին։ Նրա խոսքով՝ առգրավված փաստաթղթերը վերաբերում էին հատկապես «Կապանի Նորոգշինի» մասնակցությամբ գնումներին։ Միաժամանակ, Փարսյանը այդ գործընթացները կապել էր իր քաղաքական գործունեության հետ և դրանք բնութագրել որպես ճնշում։ Փարսյանի պաշտոնավարման ընթացքում Կապանի համայնքապետարանը բավական սերտ համագործակցություն է ունեցել տարածաշրջանի հանքարդյունաբերական ընկերությունների, հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ։ Այս ընթացքում ԶՊՄԿ-ն ֆինանսապես մասնակցել է Կապանի համայնքային և սուբվենցիոն մի շարք ծրագրերի։ Օրինակ՝ Սյունիք բնակավայրի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրում համայնքի համաֆինանսավորման մասնաբաժինը վճարել է ԶՊՄԿ-ն։ Նույն ձևաչափով ընկերությունը մասնակցել է Սզնակ և Դիցմայրի գյուղերի խմելու ջրագծերի կառուցմանը․ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 250 մլն դրամ էր, իսկ համայնքի մասնաբաժնի համաֆինանսավորողը՝ ԶՊՄԿ-ն։ Նախատեսվել են նաև արևային պանելների ու ջրատաքացուցիչների տեղադրման սոցիալական ծրագրեր գյուղական բնակավայրերում։ Այս տվյալները ներկայացրել է հենց Գևորգ Փարսյանը 2024-ի՝ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման ծրագրի հանրային քննարկման ժամանակ։ Կապանի համայնքապետարանի և ԶՊՄԿ-ի համագործակցության առավել խոշոր օրինակներից մեկը համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման ծրագիրն է։ 2024 թվականից իրականացվող ծրագրին կոմբինատը ընդհանուր 301 մլն դրամ է հատկացրել․ այդ գումարից 195 մլն դրամը ուղղվել է համայնքի համաֆինանսավորման մասնաբաժինը ապահովելուն, իսկ ևս 106 մլն դրամը՝ վերանորոգված շենքի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը։ ԶԼՄ-ները գրել էին նաև, որ Փարսյանը նախկինում դատապարտված է եղել։ 2018-ի հարցազրույցում նա ասել էր, որ իրավական առումով գործող դատվածություն չունի, քանի որ այն մարված է, և նշել էր, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 15 տարի առաջ և կապված է եղել անձնական կոնֆլիկտի հետ։ Կապան համայնքի ավագանու առաջիկա ընտրությունները լինելու են այս տարվա նոյեմբերի 29-ին։ Առաջադրումների վերաբերյալ դեռ տվյալներ չկան։ 2026 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ՝ համայնքն ունի 33,340 ընտրող։ *** Այս ընտրական շրջափուլում Սյունիքի մյուս համայնքներում ՏԻՄ ընտրություններ նախատեսված չեն։ Ինչպես նշեցինք, Տաթև և Տող համայնքները միացվելու են Գորիս համայնքին, ինչի արդյունքում այնտեղի ընտրողները միանգամից քվեարկելու են Գորիս համայնքի ավագանու ձևավորման համար։ Այս պահին երկու համայնքներն ունեն գործող ավագանիներ և համայնքապետեր, որոնք կպաշտոնավարեն մինչև Գորիսի նոր ավագանու ձևավորումը։ Տաթև համայնքի ղեկավարը Սամվել Լալայանն է։ 2021 թվականի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել էր ամենաշատ ձայներն ու մանդատները, բայց մյուս երկու քաղաքական ուժերը՝ «Շանթ դաշինքը» և «Ապրելու երկիր» կուսակցությունը միասին ավելի շատ մանդատ էին ստացել և համայնքապետ ընտրեցին «Շանթ դաշինքի» ցուցակի առաջին համար Լալայանին։ Իսկ Տեղ համայնքի ղեկավարը Դավիթ Ղուլունցն է։ 2021-ի սեպտեմբերին Ղուլունցը նշանակվել էր Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նա Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է։ Նույն տարվա հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին նա գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը և դարձել համայնքապետ։ Եվգենյա Համբարձումյան