Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներ

· Սյունիքի Մարզ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներ

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը կայուն է, հետվիրահատական բարդություններ չկան։

Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատուրյանը։

Ծատուրյանի խոսքով, Անի Ավետիսյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ և ստանում է համարժեք բուժօգնություն։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավորված կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Միջադեպի հետևանքով վնասվածք է ստացել նաև Ավետիսյանի 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։ Անի Ավետիսյանը ներկայում բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Նշենք նաև, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածների հատկանիշներով։ Նա կալանավորվել է երկու ամսով։

Հասմիկ Անտոնյան